Ինչո՞ւ է Ադրբեջանը շահագրգռված բանակցային վրացական հարթակով

Առաջիկայում կարող է եռակողմ հանդիպում կազմակերպվել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, թե այժմ նման գաղափար է շրջանառվում՝ միաժամանակ չհստակեցնելով՝ որտեղ և երբ կարող է լինել այդ հանդիպումը։

Միրզոյանը մասնավորապես նշել էր, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում:

«Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետների և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել և այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը»,- մանրամասնել է Արարատ Միրզոյանը։

Ավելի վաղ Դավոսում Ալիևը հայտարարել էր, թե Երևանը մերժել է Ադրբեջանի և Վրաստանի՝ համագործակցության եռակողմ ֆորմատ ձևավորելու առաջարկը։

«Ես բարձր եմ գնահատում իմ բարեկամ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից ձեռնարկված ջանքերը։ Նա հյուրընկալեց Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, դրան մասնակցեց նաև Վրաստանի արտգործնախարարը։ Մեր առաջարկությունն էր Վրաստանում նաև երեք երկրների առաջնորդների հանդիպում կազմակերպել, ի վերջո, Վրաստանն այն տեղն է, որտեղ հարևաններն ավանդաբար հանդիպում էին։ Հայաստանը, սակայն, դրան պատրաստ չէ»,- հայտարարել էր Ալիևը։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ իր երկիրը պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել Երևանի և Բաքվի միջև։

«Վրաստանը իրապես չեզոք, անկողմնակալ, անաչառ միջնորդ է։ Նախագահ Ալիևը հիշատակեց մեր կողմից կազմակերպված հանդիպման մասին։ Դա մեր շահերից էր բխում, քանի որ այս տարածաշրջանը մեզ է պատկանում՝ Ադրբեջանին, Վրաստանին, Հայաստանին, և մենք կարող ենք այս տարածաշրջանը վերածել հնարավորությունների, խաղաղության և բարգավաճման տարածաշրջանի։ Խորհրդային ժամանակաշրջանում, Սառը պատերազմի տարիներին, հայտնի ասացվածք կար՝ «Վստահիր, բայց ստուգիր»։

Այստեղ՝ Դավոսում, ես լսեցի այդ ասույթի մեկ այլ տարբերակը՝ «Մի վստահիր, բայց համագործակցիր»,- մեկնաբանելով հայ-ադրբեջանական հարաբերություններն ու Թբիլիսիի դերը դրանում, հայտարարել էր Վրաստանի վարչապետը։

Վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասաց, որ Վրաստանի վարչապետն այս նախաձեռնությամբ հանդես է գալիս մոտ մեկ տարուց ավելի, սակայն հայ-ադրբեջանական խորը տարաձայնությունները թույլ չեն տալիս տարածաշրջանային ձևաչափ ձևավորել։ Ըստ նրա, դատելով բոլոր հայտարարություններից, նման հանդիպում տեղի կունենա։

«Սակայն Երևանն այն դիտարկում է՝ որպես տարածաշրջանային հարթակ, իսկ Բաքուն՝ հայ-ադրբեջանական խնդիրները քննարկելու հարթակ։ Այստեղ ևս կա ընկալումների տարբերություն, այդ պատճառով ձևաչափի ներդրումն ուշանում է։ Հայաստանը ցանկանում է, որպեսզի հայ-ադրբեջանական բանակցություններն ունենան արտաքին միջնորդ ԵՄ-ի և ԱՄՆ-ի տեսքով, որոնք, ըստ Երևանի, ամենայն հավանականությամբ, ավելի հեղինակավոր կարող են լինել գործընթացում, իսկ ադրբեջանական կողմը ցանկանում է բանակցել առանց միջնորդների, և տարածաշրջանային ձևաչափը նրա համար լավագույն տարբերակն է։

Սա էր, թերևս, պատճառը, որ նախորդ տարեվերջին, երկար դադարից հետո, Ադրբեջանի նախագահն անակնկալ կերպով այցելեց Վրաստան։ Ադրբեջանը փաստորեն վրացական հարթակը դիտարկում է հեռանկարային այս իմաստով, ավելի հեռանկարային, քան ռուսականն է, ամերիկյանը կամ եվրոպականը»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, նման ձևաչափով հանդիպում կլինի, սակայն դրա շրջանակները կլինեն տարածաշրջանային։

«Իսկ տարածաշրջանային թեմատիկայով երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել, եթե հարաբերությունները կարգավորված չեն, ուստի որքան էլ դրական համարեմ վրացական հարթակը, ներկայումս նման հանդիպման կայացումը մեծ հարցեր չի լուծելու, քանի որ կան երկկողմ խնդիրներ, որոնք այստեղ չեն լուծվելու, իսկ առանց այդ խնդիրների լուծման տարածաշրջանային լայն օրակարգեր չեն կարող քննարկվել։

Իրականում, որքան ես հասկացել էի, այս առաջարկը տարածաշրջանային բովանդակություն ուներ և միտված էր կողմերի միջև վստահության բարձրացմանը։ Եվ այն կարող է արդյունավետ լինել ինչ-որ փուլում, երբ շատ հարցեր չկան հակամարտող կողմերի միջև»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս