«Արցախն ու Հայաստանն անջատ գործելու պարագայում ցանկալի հանգրվանի չեն հասնի. նման սկզբունքը քաղաքական կարճատեսություն է, որը լավ բան չի խոստանում». Վահրամ Բալայան

Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից շրջափակելու 41-րդ օրն է։ Այս ամբողջ ընթացքում 120 հազար արցախահայեր տարբեր առիթներով, այդ թվում՝ պաշտոնական մակարդակում հայտարարել են, որ Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի՝ ցույց տալով խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչությունը և ընդգծելով, որ, եթե նույնիսկ այսօր Ադրբեջանը բացի Արցախի կյանքի ճանապարհը, որևէ երաշխիք չկա, որ հաջորդ օրը չի փակի։ Հետևաբար՝ պետք է միջազգային հանրությունն Արցախի հետ միասին առաջ տանի ինքնորոշման իրավունքը։

168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը նախ ասաց, որ ՀՀ ղեկավարը բազմիցս շեշտել է, որ պատասխանատու է 29.800 քառակուսի կիլոմետրի համար, այսինքն՝ ըստ էության նա դրանով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

«ՀՀ իշխանության ղեկավարի մոտեցումը սա է, թե ինչ նպատակ է հետապնդում այս ամենը՝ գուցե իրենք կասեն։ Ամենայն հավանականությամբ, երևի ունեն որոշակի պայմանավորվածություններ։ Սակայն փաստն այն է, որ դեռևս 1989 թվականին Արցախի ազգային խորհրդի և ՀՀ գերագույն խորհրդի հետ համատեղ որոշմամբ, որով ըստ էության Հայաստանը որոշակի պատասխանատվություն իր վրա վերցրեց Արցախի անվտանգային համակարգի վերաբերյալ։ Փաստորեն ՀՀ օրվա իշխանությունը դրանից հիմա հրաժարվել է, և այժմ Արցախը միայնակ է պայքարում Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային կողմի դեմ»,- շեշտեց Վահրամ Բալայանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և կնքել «խաղաղության պայմանագիր», Վահրամ Բալայանն ասաց.

Կարդացեք նաև

«Բազմիցս արցախահայությունը հայտարարել է, որ Արցախն ու Հայաստանն անջատ գործելու պարագայում ցանկալի հանգրվանի չեն հասնի։ Միայն մեր համախմբված պայքարի, այդ թվում՝ սփյուռքի ներուժն օգտագործելու արդյունքում մենք կարող ենք հասնել հաջողության։ Մենք 1992-1994 թվականներին հաղթանակներ ենք գրանցել հենց այդ բանաձևով առաջնորդվելով, այս եռակողմ ներքին համախմբվածության արդյունքում։ Կարծում եմ՝ Հայաստանի ու սփյուռքի հայությունը պետք է գիտակցի, որ առանձին փրկություն չի լինելու, սա տեսանելի է նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ու Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններից, որոնք մեծ հավակնություններ ունեն Հայաստանի սուվերեն տարածքի, ինչպես նաև Արցախի նկատմամբ։ Եթե ՀՀ գործող իշխանությունը մտածում է, որ Արցախը տալով՝ կփրկի Հայաստանը, սխալվում է, որքան զիջեն, թշնամին ավելին է պահանջելու։ Նման սկզբունքով առաջնորդվելը քաղաքական կարճատեսություն է, որ հայ ժողովրդին լավ բան չի խոստանում»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երկու տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս