«Ժողովրդի մոտ վախի մթնոլորտ չկա, ուղղակի պետք է ինչ-որ բան ձեռնարկվի, որ այս իրավիճակը հանգուցալուծվի». Խնձրիստանի համայնքապետ
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի ղեկավար Ալեքսեյ Ավանեսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ թշնամու կողմից Արցախը շրջափակելու հետևանքով ստեղծված ծանր վիճակին և վստահեցրեց, որ մարդիկ չեն հուսալքվում, գիտակցում են պահի լրջությունն ու պայքարում. «Իրավիճակը նորմալ է, մինչև հիմա դիմանում ենք, ամեն դժվարություն կամաց-կամաց հաղթահարում ենք: Ամենակարևորը՝ մարդկանց մոտ խուճապ չկա»:
Ի դեպ, հունվարի 18-ից Արցախում մենարկեց կտրոնների տրամադրման գործընթացը: Կտրոններ տրամադրվելու էին Արցախում փաստացի բնակվող բոլոր քաղաքացիներին՝ ըստ իրենց փաստացի բնակության վայրի, և գործելու են մեկ ամիս՝ հունվարի 20-ից փետրվարի 20-ը։ Ալեքսեյ Ավանեսյանին հարցրեցինք, թե Խնձրիստանում բնակիչներին սննդի տրամադրման համար կտրոններ բաժանվե՞լ են. «Կտրոնները ստացել ենք, տրամադրել ենք ժողովրդին, սնունդն էլ քիչ-քիչ հասցնում են խանութներին, որ ժողովուրդը վերցնի, ճիշտ է՝ քիչ է, բայց բավարարվում ենք»: Ալեքսեյ Ավանեսյանն ասաց, որ համայնքում շուրջ 800 բնակիչ է ապրում, թշնամու կողմից ճանապարհը փակելու հետևանքով մի քանի ընտանիք կիսվել է՝ մնալով շրջափակման տարբեր կողմերում:
«Հինգ ընտանիք ունենք, որ կամ երեխաներն են մնացել Հայաստանում, ծնողները՝ այստեղ, կամ ծնողներն են Հայաստանում, երեխաները՝ Արցախում: Ժողովրդի մոտ վախի մթնոլորտ չկա, ուղղակի պետք է ինչ-որ բան ձեռնարկվի, որ այս իրավիճակը հանգուցալուծվի»,- ասաց Խնձրիստանի համայնքապետը, ապա հավելեց, որ այս պահին դպրոցն ու մանկապարտեզը չեն գործում:
Իսկ ստեղծված իրավիճակից միակ ելքը, Ալեքսեյ Ավանեսյանի կարծիքով՝ հայության համախմբումն է. «Որպես արցախցի՝ ասեմ, որ միասին պետք է պայքարենք այս դժվարության դեմ,միայն միասնական լինելով ամեն ինչ հնարավոր է հաղթահարել»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։