Զելենսկին քննադատել է Գերմանիայի կառավարությանը՝ կրկին կոչ անելով մատակարարել Leopard տանկեր
Կիևին ռազմական օգնություն տրամադրելու շուրջ ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում համաժողովի նախաշեմին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել Leopard հիմնական մարտական տանկեր մատակարարել իր երկրին և այդ կապակցությամբ քննադատել է Գերմանիայի կառավարությանը:
Այս մասին տեղեկանում ենք Deutsche Welle պարբերականից։ Ըստ պարբերականի՝ գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին անընդունելի է անվանել Բեռլինի ձգտումը՝ սպառազինությունների մատակարարման հարցում կողմնորոշվել՝հիմնվելով այլ երկրների, այլ ոչ թե սեփական հնարավորությունների վրա: «Հիմա սակարկելու ժամանակը չէ, այլ գոյատևելու ժամանակը: Մենք պետք է գոյատևենք»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Արևմուտքը ցանկանում է ևս վեց ամիս քննարկումներ անցկացնել, մինչդեռ Ուկրաինայում ամեն օր մարդիկ են զոհվում։ «Եթե դուք Leopard տանկեր ունեք, տվեք մեզ», – հորդորել է ուկրաինական պետության ղեկավարը։ Զելենսկին միաժամանակ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ արդեն իսկ ցուցաբերած ռազմական օգնության համար։ Ուկրաինայի նախագահը նաև հույս է հայտնել, որ արևմտյան դաշնակիցների աջակցությունն ուժեղացնելու է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ «Ես կցանկանայի, որ Ռուսաստանը չվերահսկեր մեր օդային տարածությունը», – հավելել է նա։
Զելենսկին բացառել է այս փուլում Մոսկվայի հետ բանակցությունների հնարավորությունը։ «Երբ Ռուսաստանն ամբողջությամբ հեռանա մեր երկրից, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել դիվանագիտական կարգավորմանն ուղղված քայլերի մասին», – ասել է նա։
Դրա հետ մեկտեղ նա ՌԴ- ից պահանջել է փոխհատուցել Ուկրաինային պատճառած վնասը։ Ներկայում Գերմանիան գտնվում է Լեհաստանի և այլ դաշնակիցների ուժեղ ճնշման տակ. Բեռլինին կոչ են անում համաձայնություն տալ, որ Գերմանիայում արտադրված Leopard տանկերը մատակարարվեն Ուկրաինային։ Գերմանիան մինչ այժմ հայտարարել է, որ կհամաձայնի տանկեր տրամադրել Ուկրաինային միայն այն դեպքում, եթե դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, նույն կերպ վարվեն:
Հունվարի 20-ին Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում կկայանա արևմտյան դաշնակիցների հերթական համաժողովը՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու շուրջ։
Ակնկալվում է, որ Կիևին կրկին կհատկացվի սպառազինությունների բազմամիլիարդանոց փաթեթ։ Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ այս հանդիպումը կհամարվի ձախողված, եթե դաշնակիցները համաձայնության չգան ժամանակակից մարտական տանկերը Կիև տեղափոխելու հարցում։