Այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, ավելի քան 30 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում կատարվածի շարունակությունն է. Հայրապետյան
Լաչինի միջանցքում այսօր ստեղծված իրավիճակը ուղղակիորեն կապված է ավելի քան 30 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում տեղի ունեցածի հետ, Ադրբեջանի մեթոդները կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել, բայց գերնպատակը մնում է նույնը՝ ազատվել հայերից, ուստի հայերի գլխավոր խնդիրը պետք է լինի այդ ձեռագրի քաղաքականության շարունակականության ցուցադրումը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Այս օրերին լրանում է Բաքվի ջարդերի 33-րդ և փետրվարին՝ Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցը: Այս դեպքերի հետ կապված Եվրոպական խորհրդարանն ունի հայտնի բանաձևեր ու հայտարարություններ 1990, 1991 և 1992 թթ: Դրանք բավականին կարևոր հայտարարություններ են: Այս դեպքերի հիշատակումը, դրանց պատշաճ մակարդակով ներկայացումը կարևոր կանխարգելիչ գործողություն է: Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Արցախում, ինչ-որ առումով դրա շարունակականությունն է: Մեթոդները կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել կամ իրավիճակին հարմարվել, բայց գերնպատակը մնում է նույնը՝ ազատվել հայերից: Եվ ադրբեջանական կողմը դա չի թաքցնում: Ուստի մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այդ ձեռագրի քաղաքականության շարունակականության ցուցադրումը»,-ասաց Հայրապետյանը:
Ադրբեջանական կողմը, սակայն, ինչպես միշտ շարունակում է ժխտել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հայերի հետ 33, 35 տարի առաջ: Նա նշեց՝ այն ֆոնին, երբ Ադրբեջանը խոսում է Հայաստանից գնացած ադրբեջանցիների մասին, թվեր է ներկայացնում, հայկական կողմը հսկայական փաստական բազա ունի այդ ամենի հետ կապված: «Մենք կեղծելու որևէ բան չունենք: Բայց պետք է այդ ամբողջը հստակ կարողանանք ներկայացնել ու պահել օրակարգում: Եթե մենք այդ հարցերը չենք հիշատակում, արձանագրումներ չենք անում, ապա կորցնում ենք հետագայում նորից դրան վերադառնալու հնարավորությունը»,-նշեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Հայաստանի տարածքների նկատմամբ տարածքային հավակնություններին՝ Հայրապետյանն ասաց, որ դա Ադրբեջանի պատմական կեղծարարության քաղաքականության շարունակությունն է: Ադրբեջանը հավակնություններ է ներկայացնում ամբողջ ՀՀ-ի նկատմամբ, Հայաստանից գնացած ադրբեջանցիների հետ կապված թեզ է դնում շրջանառության մեջ, ՀՀ ներկայիս տարածքը կոչում Արևմտյան Ադրբեջան: «Այսինքն՝ ՀՀ ամբողջ տարածքի նկատմամբ ներկայացնում են տարածքային պահանջներ: Դա ի՞նչ է, եթե ոչ հնարավոր ագրեսիայի գնալու պատրաստակամություն: Եվ ի՞նչ կարող է հայկական կողմն անել. հենց այդ ամենը խելացիորեն կոմունիկացնել միջազգային հանրության հետ՝ ցույց տալու, որ խնդիրը Լեռնային Ղարաբաղը չէ, ԼՂ-ն ընդամենը միջոց է, ճանապարհ է, որ հետագայում Ադրբեջանը շարունակի իր գործողությունները ՀՀ տարածքի նկատմամբ»,-ընդգծեց ադրբեջանագետը:
Լաչինի միջանցքի արգելափակման փաստի առիթով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը գործը դեռ չի հասնում, բայց Հայրապետյանը շատ կարևորեց Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը՝ այն որակելով շատ հասցեական ու հստակ: ԵԽ-ի կողմից ընդունված բանաձևը կարևոր նշանակություն ունի, ուստի Հայրապետյանը 1-2 գործողությամբ չբավարարվելու, աշխատանքը շարունակելու կարիք է տեսնում:
«Պետք է այդ ուղղությամբ աշխատել այնքան, որ այդ միջազգային ճնշումն Ադրբեջանի համար լինի այնպես, որ իրենք հասկանան, որ չեն կարող դիմադրել, դա կբերի պատժամիջոցների, օդային հումանիտար միջանցքի կիրառմանը, և իրենք ոչինչ չեն կարող անել: Նրանք պետք է հասկանան, որ դա ոչ միայն իրենց ցանկալի արդյունքը չի բերելու, այլ հակառակ արդյունքն է բերելու: Եվ իմ կարծիքով՝ իրենք այդ ճնշումից դրդված կգնան միջանցքի բացմանը»,-ասաց Հայրապետյանը:
Այսպիսով` նա Լաչինի միջանցքի իրավիճակն ուղղակիորեն կապում է 33 տարի առաջ Բաքվում տեղի ունեցածի, այդ քաղաքականության շարունակության հետ: