Պաշտպանության նախարարն առայժմ չի այցելել հրդեհի վայր, նրա հանձնարարականով բարձրաստիճան զինվորականներ են գնացել

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում է հրդեհը բռնկվել:

Ի դեպ, ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության, հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայող է մահացել, 6 պարտադիր ժամկետային զինծառայող և մեկ սպա էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հոսպիտալ:

Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր 15 մահացածի և 3 վիրավորի մասին:

Հարցին, թե վիրավորների վերաբերյալ ո՞ր գերատեսչության հայտնած տվյալները պետք է ի գիտություն ընդունել՝ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը պատասխանեց, որ վիրավորների թիվը 3-ն է, նրանք գտնվում են Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոնում:

Լրագրողների հետ զրույցում նույն բուժհաստատության բժիշկներից հաստատել էին Պաշտպանության նախարարության հայտնած թիվը:

«Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոն ընդունվել է 3 զինվորական, 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 1-ը՝ այրվածքաբանության բաժանմունքում»,- նշել է բժշկուհին:

Ի դեպ, մինչ այս պահը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի գնացել դեպքի վայր:

«Առայժմ չի այցելել, բայց պաշտպանության նախարարության բազմաթիվ ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ այցելել են դեպքի վայր»,- մեզ հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ 2022-ի հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:

Հուլիսի 26-ին զինծառայողը մահացել էր: Նշենք, որ դեպքի մասին ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածել էր 8 օր ուշացումով:

Արդեն մի քանի ամիս է՝ այրվածքից մահացած զինվորի ծնողներին չի հաջողվում հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում պլանավորվում էր կազմակերպել նախարարի հանդիպումը ողբերգական դեպքի հետևանքով մահացած զինծառայողի ծնողների հետ, սակայն ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած դեպքի պատճառով հանդիպումը կարող է հետաձգվել:

Տեսանյութեր

Լրահոս