Վառարանի կայծից բռնկված հրդեհից տուժել է ևս մեկ զինվոր. նա ապաքինման փուլում է, մյուս զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է մնում
Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Այս մասին 168.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Նա ասաց, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում տեղադրված վառարանի կայծից, ինչը մարելու հետևանքով էլ զինվորն այրվածք է ստացել:
Դիտարկմանը, որ մեր տեղեկություններով՝ զինվորը քնապարկում է եղել, ավելին՝ այրվածք ստացել է ևս մեկ զինվոր, ՊՆ մամուլի խոսնակը արձագանքեց.
«Մյուս զինծառայողը շատ թեթև վնասվածքներ է ստացել և ապաքինման փուլում է, որևէ լուրջ բան չկա, դրա համար չի ասվել: Իսկ մյուս զինծառայողի մոտ առողջական վիճակի վատթարացում է նկատվել, վիճակը կտրուկ վատացել է, և այդ մասին հաղորդագրություն տարածել ենք: Իսկ քնապարկի վերաբերյալ ծառայողական քննություն է այս պահին»:
Հավելենք, որ ըստ ՊՆ հաղորդագրության, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորը նախ ընդունվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետ նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Ի դեպ, պաշտպանական գերատեսչությունն այս մասին հաղորդագրություն տարածել է դեպքից 8 օր անց:
«Մենք հաղորդագրության մեջ նշել ենք, որ առողջական վիճակի վատթարացում է նկատվել, սկզբի օրերին նման բան չի եղել: Այսինքն, զինվորի առողջական վիճակն այդքան վատ չի եղել, և վերջին օրերին, երբ վատթարացել է առողջական վիճակը, մենք համապատասխան հաղորդագրություն ենք տարածել»,- պարզաբանեց Արամ Թորոսյանը: