Բաժիններ՝

«Շնչուղիների այրվածքներ են, պատկերը կերևա 3-4-րդ օրը»․ բժիշկը մանրամասներ է հայտնում վիրավոր 3 զինծառայողի մասին

«Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոն ընդունվել է 3 զինվորական, 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 1-ը՝ այրվածքաբանության բաժանմունքում»,- այսօր լրագորղների հետ զրույցում ասաց նույն բուժհաստատության բժիշկներից մեկը՝ անդրադառնալով գիշերը Գեղարքունիքի մարզում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին։

Բժշկի խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 2 զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր․

«Գրանցված է շնչուղիների այրվածք, գտնվում են հսկողության տակ։ Կատարվել են վիրակապություններ, ծանրության աստիճանը որոշվել է։ Մյուս զինվորը գտնվում է այրվածքաբանության բաժանմունքում, վիճակը գնահատվում է բավարար, միջին ծանրության։ Եկեք այրվածքների տոկոսի մասին չխոսենք, բայց այն, որ շնչուղիների այրվածքներ կան, դա արդեն..․ բոլոր տեսակի շնչուղիների այրվածքները կյանքի համար վտանգավոր են, երբ գտնվում են կլինիկայում, ավելի կառավարելի են այդ հիվանդները։

Շնչուղիների այրվածքներն են՝ վերին և ստորին, պատկերը արդեն կերևա 3-4-րդ օրը՝ որոշակի հետազոտություններ անելուց հետո և որոշակի կլինիկական պատկեր ունենալուց հետո։ Զինծառայողներից 2-ը ժամկետային են, 1-ը՝ սպա, սպան վերակենդանացման բաժանմունքում գտնվողներից մեկն է»։

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ տեղեկություններ են շրջանառվում, որ զոհերի թիվն ավելացել է ևս 2-ով և դարձել է 17, բժիշկն ասաց, որ ինքն այդպիսի տեղեկության չի տիրապետում․

«Ես ինֆորմացիա ունեմ միայն այն տուժածների մասին, որոնք գտնվում են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում, մենք մահ չենք ունեցել։ Բոլոր բուժառուները գիտակցություն ունեն, ուղղակի այն հիվանդները, որոնք վիրակապվել են, իսկ մեր վիրակապությունները կատարվում են խորը ցավազրկմամբ, քնած են և չեն կարող պատասխանել հարցերին։ Տղաները 3-ն էլ կարող են հաղորդակցվել, եթե ցավազրկված չեն և չեն գտնվում դեղորայքային քնի մեջ»։

Հարցին՝ վիրավոր զինծառայողներին որևէ պաշտոնյա այցելե՞լ է, բժիշկը պատասխանեց, որ վիրավորներին առավոտյան ժամը 8-ի սահմաններում են ընդունել, իսկ պաշտոնյաներ ՊՆ-ից են այցելել, ապա խնդրեց  իրեն նման հարցեր չուղղել:

Ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Առողջապահության նախարարն այցելե՞լ են վիրավոր զինծառայողներին, բժիշկը բացասական պատասխան տվեց․

«Ոչ, բայց իրենք տեղյակ են ամեն ինչից, անընդհատ զանգում և հետաքրքրվում են»։

Կրկին անդրադառնալով տղաների առողջական վիճակին, բժիշկն ասաց, որ 3 զինծառայողների մոտ առկա են ստորին վերջույթների այրվածքներ․

«Այրվածքներ են բոցով։ Նշեմ, որ բոցը հարաբերական ավելի խորն է այրում, քան ջուրը կամ այլ հեղուկները, բնականաբար, այնտեղ արդեն խորը այրվածքներ կան, 3-րդ և գուցե ավելի խորը այրվածքներ։ Բոլոր հիվանդները բոցից են այրվել, որովհետև եղել է կրակ, իսկ բոցից այրվածքները հարաբերական ավելի խորն են լինում։

Այրվածքային հիվանդությունն ավելի շատ վտանգավոր է լինում 3-4-րդ օրը, երբ զարգանում է ինտոքսիկացիա կամ օրգանիզմի թունավորում։ Այսինքն՝ այդ արգասիքները ներծծվում են արյան մեջ, այդ ժամանակ մենք ավելի ինտենսիվ ենք պայքարում հիվանդության դեմ»։

Ճշտող հարցին՝ իրավապահ մարմիններն այցելե՞լ են վիրավոր զինծառայողներին, և արդյոք տղաները կարողացե՞լ են հաղորդակցվել, բժիշկը պատասխանեց, որ տղաները հնարավորություն ունեցել են հաղորդակցվելու․

«Իրենց գիտակցությունը նորմալ է եղել, կարող են ամեն ինչ բացատրել։ Կարծում եմ՝ այցելել են, բայց ես տեղյակ չեմ»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Տեսանյութեր

Լրահոս