Եթե Ռուբեն Վարդանյանը դառնա Փաշինյանի դեմ պայքարող մահապարտ, 100 հազարավորները կկանգնեն նրա կողքին նաև Հայաստանում. Նաիրա Զոհրաբյան
«Առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի։ Երեկ կամ նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը կկարգավորվի»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
168 TV-ի եթերում, խոսելով Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի բացման և այդ հարցում ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի իշխանության պարտավորությունների մասին, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ Արցախում ապրող 120 հազար հայի համար Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում և չի էլ անելու, ուստի նրանց համար՝ ինչպես պատերազմում մեր զոհված տղաները դարձան սոսկ վիճակագրություն, այնպես էլ հիմա վիճակագրություն են դարձել Արցախի շրջափակման օրերը: Շրջափակում, որը ոչ միայն հումանիտար, այլև ռազմաքաղաքական ճգնաժամ է, որովհետև խախտվել է Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունը։
«Փաշինյանը ստորագրել է եռակողմ հայտարարություն. դրա տակ դրված է իր, Պուտինի և Ալիևի և ոչ թե՝ Արցախի ղեկավարության ստորագրությունը, ուստի, երբ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե Բերձորի միջանցքի փակման հարցում իրենք՝ որպես իշխանություն, անելիք չունեն, ստում և մանիպուլացնում է հերթական անգամ, քանի որ, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ստորագրությունն է դրված եռակողմ հայտարարության տակ»,- ասաց Զոհրաբյանը։
Նրա համոզմամբ՝ Բերձորի միջանցքի բացման հարցն ու Արցախի ճակատագիրը Ռուսաստանի գրպանը գցող Հայաստանի իշխանությունը համաձայնել է Արցախը հանձնելու համար ադրբեջանական պայմաններին. այդ համաձայնությունն է պատճառը, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Զախարովան օրերս կոչ արեց Հայաստանի իշխանությանը բացահայտել, թե ի՞նչ է խոստացել վերջինս 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Ըստ Զոհրաբյանի՝ ՀՀ իշխանության տված խոստումների կատարման ձգձգումն էլ դարձել է Ադրբեջանի կողմից նորանոր պահանջների փոխանցման պատճառ։
«Իմ տեղեկություններով՝ հիմա էլ Հայաստանի իշխանության միջոցով՝ միջնորդավորված, Արցախին են փոխանցել Ադրբեջանի թելադրած նախապայմանները, այն է՝ Ռուբեն Վարդանյանի հեռացում, Կաշենի հանքի գործունեության կասեցում, Բերձորի միջանցքում ռենտգեն-սկանի տեղադրում, Ադրբեջանի ներկայացուցչի ներկայություն այդ հատվածում, որպեսզի ցանկացած բեռ հսկվի։ Այսպիսով Ադրբեջանը վարում է Արցախը ջնջելու քաղաքականություն, որին դեմ է Ռուբեն Վարդանյանը։ Վարդանյանի հրաժարականը կատեգորիկ չպետք է թույլ տալ։
ԵԹԵ ՆԱ ունեցավ քաղաքացիական և քաղաքական, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ տղամարդկային խիզախություն՝ ասելու, որ Ալիևի և Փաշինյանի օրակարգն անընդունելի չէ, և պետք է մնալ ու պայքարել Արցախի հայկական մնալու համար, դրանից հետո մենք պետք է սատարենք Վարդանյանին։ Նա այսօր այն մերանն է, որը փորձում է թույլ չտալ Արցախի հանձնում և թրքացում՝ ի հեճուկս նաև ընդդիմադիր ուժերի անբարո արշավների, որոնք անընդունելի են։ Արցախի հանրության գերակշիռ մեծամասնությունն աջակցում է Վարդանյանին՝ ելնելով իրենց ինքնապաշտպանական բնազդից, հետևապես, եթե Վարդանյանը լինի այն գործիքը, որով մենք կազատվենք Փաշինյանի թրքահպատակ իշխանությունից, ես կկանգնեմ նրա կողքին։ Թող Վարդանյանն այս գործիք բառից չնեղանա. մենք տեսանք, որ մինչև հիմա ընդդիմադիր այլ գործիքները չկարողացան հեռացնել Փաշինյանին, ուստի, եթե Վարդանյանը պատրաստ է լինել Փաշինյանի դեմ պայքարող մահապարտ, ապա Հայաստանում հարյուր-հազարավոր մարդիկ կկանգնեն նրա կողքին»,- ասաց Զոհրաբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում