Չի բացառվում, որ Հայաստանն էլ ընկնի այդ վիճակում, և մենք էլ տալոններով հերթ կանգնենք. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն արձանագրում է՝ Բերձորի միջանցքի շրջափակումը գեոքաղաքական միջոցառում է, որի շրջանակներում Ալիևը փորձում է վերջնականապես լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը:

«Այս հարցը, ինչքան էլ որ ասվում է՝ այլևս գոյություն չունի, փակված է, բաց, փաստացի, Լեռնային Ղարաբաղը կա, հայությունն այնտեղ ապրում է, շարժվում է իր օրակարգով»,- նկատեց Վահան Բաբայանը:

Շրջափակմանն առնչվող զարգացումների մասին քաղաքական գործիչը ցավով արձանագրեց՝ խնդիրների հանգուցալուծումը մոտ չէ:

«Զարմանում եմ այն քաղաքական գործիչների վրա, որոնք հաշվի չառնելով շրջափակման մեջ գտնվողների  հոգեբանությունը, դատողություններ են անում: Դա կինո չէ, որ նայես ու ինչ-որ տեղ՝ ասես, թե վաղը հաջորդ սերիան է. սա իրական կյանքն է, և այդ մարդիկ իրական կյանքում ապրում են: Ասեմ ավելին՝ այդ կյանքն այնպիսին չէ, որ միայն իրենց է առնչվում. չի բացառվում, որ Հայաստանն էլ ընկնի այդ վիճակում, և մենք էլ խանութներում տալոնով հերթ կանգնենք:

Կարդացեք նաև

Եթե այս իշխանությունների քաղաքականությունն այսպես շարունակվի, որևէ մեկը չի բացառում, որ ՀՀ-ն էլ մի օր կհայտնվի այդ իրավիճակում, որովհետև գեոքաղաքական շահերի բախման այն կենտրոնում, որում գտնվում է ՀՀ-ն, և երբ ՌԴ-ի հետ իրականացվող հարաբերությունները հասել են այնպիսի մի փուլի, որ այսօրվա դրությամբ չգիտենք՝ վաղը ինչ է լինելու:

Պատկերացնո՞ւմ եք երկիր, որը տնտեսական հարցերի շուրջ ուղիղ կախվածություն ունի ՌԴ-ից, այսօր այդ երկրում ակցիաներ են իրականացվում, որտեղ նշվում է , որ ՌԴ-ն մեր թշնամին է, որ պետք է փակվեն ռուսական հեռուստաալիքները: Այսինքն՝ Հայաստանը գնում է մի այնպիսի տեղ, որտեղից լավ հեռանկարներ չկան, չեն սպասվում»,- մանրամասնեց նա:

Ըստ Վահան Բաբայանի՝ Երրորդ Հանրապետության պատմության մեջ երբևիցե նման ծայրահեղ վիճակներ չեն եղել:

«Շատ հետաքրքիր են մարդիկ, որոնք 2018 թվականին Սերժ Սարգսյանին էին մերժում փողոցներում, կամ Նիկոլ Փաշինյանից պաշտոններ էին ստանում, այսօր մեզանից բարձր են դոշ ծեծում և գոռում իշխանափոխության և այս ամենին դեմ լինելու մասին:

2018 թվականն այն եզրագիծն է, որ մեր քաղաքացիները պետք է հասկանան՝ ով, ինչ արեց, ինչպես իրեն դրսևորեց, ինչ խոստացավ և այսօր ինչ է խոսում ու ինչի մասին  է մտահոգված»,- ամփոփեց կուսակցական գործիչը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս