Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները և բացահայտ ասում է՝ իրենց պետք է Արցախ՝ առանց հայերի:

«Հայաստանի գործող իշխանությունները նշում են, որ իրենց խնդիրը Հայաստանի սահմանների պաշտպանությունն է, հայ-ադրբեջանական կարգավորումներով՝ «խաղաղության» հասնելը, և չկա որևէ խոսք Արցախի մասին: Այսինքն՝ այս իշխանության ծրագրերում Արցախի կարգավիճակի հարց բացարձակ չկա: Ավելին, արդեն բացահայտ ասում են, որ այդ հարցը պետք է Արցախի ներկայացուցիչները լուծեն: Նրանց խոսքում բացակայում է Արցախի Հանրապետություն եզրույթը, ասում են՝ Արցախի հայերի ներկայացուցիչները պետք է Բաքվի հետ բանակցեն իրենց կարգավիճակի շուրջ: Ավելին, երրորդ կողմին էլ բերում են՝ որպես պատասխանատու, այսինքն՝ ռուսներին, և այս հարցը բոլոր հնարավոր ձևերով շահարկում են: Ռուսաստանի և խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունը շատ նուրբ հարց է. ՌԴ-ն որպես նոյեմբերի 10-ի եռակողմ փաստաթուղթը ստորագրող կողմ՝ ունի պարտավորություններ, և այո, այդ փաստաթղթի 6-րդ կետում նշված է, որ միջանցքի վերահսկողությունը և դրանով անխափան անցման պատասխանատվությունը ռուսական կողմի վրա է: Իրականացվո՞ւմ է դա այսօր՝ ոչ, բոլորս ենք տեսնում, որ այդ կետը չի իրականացվում: Եվ հետևաբար, այո, կան հարցեր, որոնք պետք է ուղղենք մեր ռուս գործընկերներին, թե ինչու է այսօր նման իրավիճակ: Բայց հարցն ունի նաև մյուս կողմը. Եթե չլիներ ռուս խաղաղապահ զորակազմը Արցախում, այսօր առհասարակ չէր լինի Արցախ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ազնիվ չէ ՀՀ իշխանությունների կողմից պատասխանատվության բոլոր սլաքներն ուղղել ռուսների կողմը:

Մխիթարյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են աշխարհաքաղաքական բախումները բերել մեր տարածաշրջան.

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում, այդ թվում, ունի նաև աշխարհաքաղաքական համատեքստ: Դրա մասին են վկայում թե՛ Մոսկվայից, թե՛ Թեհրանից եկող ազդակները, և եթե մեզ թվում է, որ այս շրջանում Իրանից այդքան շատ չեն խոսում, իրենց դա չի հուզում, բնավ այդպես չէ:

Կարդացեք նաև

Ես վստահ եմ, որ Թեհրանից շատ ուշադիր հետևում են զարգացումներին, որովհետև Լաչինի միջանցքի փակման հնարավոր պահանջներից մեկն էլ հենց Սյունիքով անցնող միջանցքն է, որն արդեն Իրանի կենսական շահերին է առնչվում: Հետևաբար, այս ամենն ունի նաև աշխարհաքաղաքական համատեքստ: ՀՀ իշխանությունների կեցվածքը մեր ռազմավարական դաշնակցի հանդեպ, չափազանց շատ հարցեր է առաջ բերում: Ինչի ենք փորձում հասնել՝ այս քաղաքականությունը որդեգրելով: Հույս ունենալ, որ այստեղ Արևմուտքը կարող է այնպիսի ներգրավվածությունն ունենալ, ինչպես Ռուսաստանը կամ Իրանը, դա, մեղմ ասած, միամտություն է»:

Նա շեշտեց՝ գործող իշխանությունների միակողմանի զիջումները որևէ կերպ խաղաղության չեն տանելու. «Թուրքիայի և Ադրբեջանի ընկալման մեջ զիջող կողմը թույլ, պարտվող կողմն է, և հասկանում են, որ պետք է առավելագույնը պոկեն: Այդ երկրների քաղաքականությունը սրա վրա է հիմնված: Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ինչ-ինչ զիջումներ անելով՝ հնարավոր է կառուցել խաղաղություն, ինչը միֆ է, չի կարող նման բան լինել: Այսօր նույն այդ մոտեցումը փորձում են պրոյեկտել Արցախի վրա, որ՝ հանկարծ թույլ չտանք լայնածավալ ռազմական գործողություններ, հանկարծ հակառակ որևէ բան չանենք, որովհետև դա կբերի պատերազմի:

Հանրությանը իրավիճակը մատուցվում է սևուսպիտակի մեջ, այսինքն՝ կա՛մ մենք զիջում ենք, կա՛մ պատերազմ է լինում: Ո՛չ: Կա աշխատանքի շատ լայն դաշտ միջազգային հանրության հետ, գոյություն ունի միջազգային ճնշում ասվածը, որն այսօր Ադրբեջանի վրա չկա: Այդ չկա-ի պատասխանը, այդ թվում, հայկական կողմերի արածի և չարածի մեջ պետք է գտնենք: Նստել սպասել, որ միջազգային հանրությունը պետք է մեր շահերը պաշտպանեն այն դեպքում, երբ մենք ասում ենք՝ պատրաստ ենք ամեն ինչ զիջել, միայն թե խաղաղություն լինի, դա անհնար է: Շատ հետևողական աշխատանք է պետք»:

Մարիա Զախարովան օրերս անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է ընդունել ղարաբաղյան խնդրի կարգավորման ռուսական տարբերակը, և նշել, որ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի վերաբերյալ էապես տարբերվում են: Նա կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին հայ ժողովրդին ազնվորեն պատմել իր պայմանավորվածությունների մասին:

Հերմինե Մխիթարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում՝ ի՞նչ է հայ ժողովրդից թաքցնում Նիկոլ Փաշինյանը:

«Դժվար է պատասխանել՝ ինչ է թաքցնում: Ես կարծում եմ՝ շատ բան կա թաքցնելու: 2020թ. հետո նույն Սյունիքի համար կարևոր նշանակություն ունեցող բարձունքների հանձնումը, որ հետո պարզվեց՝ բանավոր պայմանավորվածության արդյունք է, ես փաստերն եմ ասում, որոնց արձանագրումը հետո տեսել ենք, գուցե դրանից առաջ էլ են եղել պայմանավորվածություններ: Մենք ունենք փաստեր և այդ փաստերով կարող ենք խոսել, որ հետո է հայ հանրությունը իմանում՝ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Երկրի ղեկավար, ով անընդհատ պնդում է, որ Արցախի հարցի վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ պետք է ներկայացնի ժողովրդին, մի գիշերվա մեջ ստորագրեց, և ժողովուրդը միայն դրանից հետո իմացավ:

Այսինքն՝ ահագին բան կա թաքցնելու հայ հասարակությունից: Այն բանակցությունները, որոնք տեղի էին ունենում Արևմուտքի հովանու ներքո, գրեթե գաղտնազերծված չեն: Մենք կարող ենք որոշակի եզրահանգումներ անել՝ բաց աղբյուրներից և այդ համատեղ հայտարարություներից ելնելով: Արմեն Գրիգորյան-Հաջիև բանակցություններից նախագիծ կար, որը տարածվեց հայկական լրատվամիջոցներով, և այնտեղ Արցախի անկախ լինելը զրոյացվում էր, հետևաբար, Արևմուտքի մոտեցումը դա էր: Բայց դետալներով, թե ինչ են բանակցել, հայտնի չէ: Որևէ փորձագետ չի կարող ասել՝ ինչ է թաքցնում Փաշինյանը, բայց այն մոտեցումը, որ որդեգրվել էր 2018-ից՝ լինել թափանցիկ և ամեն ինչ ասել հանրությանը, այսօր դրա ճիշտ հակառակ պատկերն ունենք»,- ի պատասխան ասաց նա՝ ընդգծելով, որ մեր տարածաշրջանում և Հայաստանի ու Արցախի շուրջ առկա իրավիճակը թույլ չեն տալիս որևէ դրական կանխատեսում անել:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս