«Եթե ուզում ենք գործոն լինենք, պետք է ազատվենք թուրքի ու նատօական կամակատարներից»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Երբ ղարաբաղյան պատվիրակությունը հասավ Բաքու, գեներալ Թոմսոնը շտապ մեկնել էր Թիֆլիս` Անդրկովկասում բրիտանական գերագույն հրամանատարի պաշտոնում փոխարինելու Ֆորեսթիր Ուաքըրին:
Թոմսոնին Բաքվում փոխարինել էր գնդապետ Շաթելվորթը:
Վերջինս պատվիրակության հետ մի քանի հանդիպումներից հետո հրապարակեց շրջաբերական, որի առաջին իսկ կետում ընդգծվում էր, որ ընդհանուր նահանգապետ նշանակված Սուլթանովը վայելում է անգլիական հրամանատարության աջակցությունը:
1919-ի ապրիլին Անգլիայի ներկայացուցիչ Շաթելվորթն Ազգային խորհրդին հրահանգեց անցկացնել հինգերորդ համագումարը (ապրիլ 21-29) և ճանապարհվեց Շուշի` անձամբ պարտադրելու իր կամքը:
Բացման նիստում Շաթելվորթն ու Սուլթանովը խոստանում էին, որ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն անխախտ կմնա:
Բրիտանացին հատուկ ընդգծում էր տնտեսական գործոնը` հայտարարելով, թե Ղարաբաղը սովի կմատնվի, եթե անջատվի արևելյան հարթավայրից և Բաթում-Թիֆլիս-Բաքու երկաթուղու վրա գտնվող Եվլախի հանգույցից:
Արցախցիների զայրույթի չափն արտահայտված է ապրիլի 25-ին տված պատասխանում. «Ադրբեջանը եղել և մնում է թուրքերի մեղսակիցն ու դաշնակիցը` թուրքերի կողմից հայերի նկատմամբ ընդհանրապես, և Ղարաբաղի հայերի նկատմամբ մասնավորապես, իրագործված բոլոր վայրագությունների մեջ»:
Գեներալ Շաթելվորթը մայիսի 10-ին կրկին եկել էր Շուշի և փորձում էր Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Արղությանին ստիպել, որ նա հրապարակավ հայտարարի, որ հայկական կառավարությունն ընդունում է Ղարաբաղում Ադրբեջանի ժամանակավոր կառավարումը:
Արղությանը միայն պատրաստակամություն հայտնեց դիմել Ղարաբաղի և Զանգեզուրի հայերին, որպեսզի վերջիններս համագործակցեն բրիտանական իշխանությունների հետ:
Շաթելվորթն Արղությանին իր հետ տարավ Զանգեզուր, պահանջեց, որ նա իր հայրենակիցներին հորդորի` հնազանդվելու Սուլթանովին:
Գորիսում անգլիացի գեներալին այնքան թշնամաբար դիմավորեցին, որ նա մայիսի 19-ին զայրացած մեկնեց Բաքու:
Շուշիում ադրբեջանական ուժերը հունիսի սկզբին հարձակվեցին հայկական թաղամասերի վրա: Խոսրով բեկ Սուլթանովի եղբայրը` Սուլթան բեկը, մոտ 2000 թաթար-քրդական հեծելազորի հրամանատարությամբ գրոհեց հայկական Ղայբալիքենդ գյուղը:
Բրիտանական մի սպա հաղորդել է, որ գյուղի 700 բնակիչներից կենդանի է մնացել 98 մարդ:
Ապա մահմեդական ասպատակները հարձակվեցին մոտակա հայկական մի քանի գյուղերի վրա` Կրկժան, Փահլուլ և Ջամիլու, դրանք վերածելով ավերակների:
Նույնիսկ կոտորածից հետո Թոմսոնին փոխարինած գեներալ-մայոր Ջորջ Նորթոն Կորին մերժեց Ղարաբաղը բրիտանական կառավարման տակ դնելու հայկական խնդրագիրը:
Կորին նշում էր, թե Հայաստանը պիտի շնորհակալ լինի, որ բրիտանական պատասխանատուներն այլևս չեն պահանջում Զանգեզուրի ընդգրկումն ընդհանուր նահանգապետության սահմանների մեջ:
Հունիսի վերջերին ցեղասպան Սուլթանովը վերադարձավ Շուշի և առավել սարսափազդու վերսկսեց հայերին հնազանդեցնելու դժվարին գործը:
Արցախահայությանը հատկապես հիասթափեցրեց բրիտանական ռազմական նախարարության հայտարարությունը կայսերական ուժերը Շուշիից և ողջ Կովկասից դուրս բերելու ծրագրի մասին:
Անգլիացիները «փուռն են տալիս» արցախահայությանն ու միայնակ թողնում Ադրբեջանի դեմ անհավասար պայքարում։
1920թ. մարտին Շուշիում բռնկվում է ապստամբություն:
Ապստամբությունը ձախողվում է, ադրբեջանական զորքերը հրդեհում են Շուշին, կոտորում քաղաքի հայ բնակչությանը:
Երեք օրերի ընթացքում սպանվեցին հազարավոր հայեր:
Ջարդից վեց տարի անց Շուշի է այցելում Մարիետա Շահինյանը. «Չի մնացել ոչինչ, որ կյանք հիշեցնի:
Առաջինը, որ ինձ ցնցեց, լռությունն էր: Այդքան սարսափելի լռություն ես չէի զգացել ոչ մի տեղ, երբե’ք: Այստեղ 1920թ. մարտին երեք օրվա ընթացքում հրդեհի ու ավերի են ենթարկվել 7000 տներ և մորթվել են, տարբեր թվեր են ասում, մեկն ասում է` երեք-չորս հազար, ուրիշները` ավելի քան 12 հազար հայեր»:
Սա էր Արևմուտքի «խերը»։
Այսքանից հետո դեռ կան «խելոքներ», որ Արևմուտքին են սպասում։
Արևմուտքը մեզ վաղուց փաթեթով Թուրքիան է «ծախել»։
Իսկ եթե ուզում ենք գործոն լինենք, նախ պետք է ազատվենք թուրքի ու նատօական կամակատարներից։
Հ.Գ. 100 տարվա մեջ շատ բան չի փոխվել։
Արեւմուտքի համար Արցախն Ադրբեջանին պետք է անցնի։
Կարևոր է ռուսներին Կովկասից հեռացնել, իակ դրա համար Արևմուտքի ու Թուրքիայի շահեր սպասարկող «հայերի» պակաս չկա»։