Բաժիններ՝

Քննական կենտրոնները՝ առանց տեսախցիկների. Մեկնարկել են միասնական քննությունները

Հունվարի 15-ից մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները:

Հունվարի 15-ին «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից քննություն է հանձնել 738 դիմորդ, որից 284-ը՝ Երևանում, 454-ը՝ մարզերում: 131-ը ռուսերեն է հայտագրել, որից 15-ը՝ Երևանում, և 116-ը՝ մարզերում:

Երևանի թիվ 189 ավագ դպրոցում, որտեղ քննություն են հանձնել «Քիմիա» առարկայից, դիմորդների ծնողները 168.am-ին փոխանցեցին, որ չի եղել տեսախցիկ, ինչն արդեն կասկածանքի տեղիք է տալիս՝ անաչառության առումով, իսկ երբ ծնողներից մեկը ցանկացել է ներս մտնել, նրան էլ թույլ չեն տվել:

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը խնդրի վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց, որ միասնական քննություններ ձմռան ամիսներին առաջին անգամ են կազմակերպվում: Հայտագրումն ավարտվել է դեկտեմբերի 26-ին:

Կարդացեք նաև

«Այդ ընթացքում ամփոփվել է քննություն հանձնողների թիվն ըստ առարկաների, ըստ մարզերի: Բաշխումն արվել է, քննակենտրոններն են ընտրվել, որ ավելի ցածր առաստաղով, կոմպակտ սենյակներ լինեն, որովհետև դրանցում անհրաժեշտ ջերմություն պետք է ապահովվի՝ 2,5-3 ժամ անշարժ նստել-գրելու համար: Տեսախցիկներ դնել այս անգամ հրաժարվել ենք, որովհետև դրանք տեղադրելու համար մրցույթ պետք է հայտարարվեր՝ «Գնումների մասին» օրենքով, իսկ այդ ընթացակարգը ժամանակ է պահանջում, ինչը, օբյեկտիվ պատճառներով, չենք ունեցել: Բացի այդ, տեսախցիկները կարգով նախատեսված չեն, երբ եղել են, դրել ենք: Իսկ ծնողների մուտքը քննական կենտրոն արգելված է եղել միշտ՝ քննության ընթացքին չխանգարելու նկատառումով»,- մանրամասնեց ԳԹԿ մամուլի քարտուղարը:

Հավելենք, որ հունվարի 22-ին դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզուներ»-ից, հունվարի 29-ին՝  «Հայոց լեզու և հայ գրականություն»-ից, փետրվարի 4-ին՝ «Մաթեմատիկա»-ից, փետրվարի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից, իսկ 12-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից:

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:

Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

Տեսանյութեր

Լրահոս