Կառավարության հայտարարությունները հեռու են իրականությունից

Կառավարությունը հայտարարում է, որ 2022թ. հսկայական գումարներ է հատկացրել կապիտալ շինարարության իրականացման համար։ Անհամեմատ ավելի շատ, քան 2021թ.։

Բայց որքան էլ տարօրինակ լինի, բյուջեի միջոցներով կատարված շինարարական աշխատանքները մի բան էլ նվազել են։ 2021թ. համեմատ՝ 2022թ. հունվար-հոկտեմբերին 1 տոկոսով պակաս շինարարություն է իրականացվել։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ 2022թ. 10 ամսում կատարվել է 95,7 մլրդ դրամի աշխատանք։

Նվազել է հատկապես վարկային միջոցներով իրականացվող շինարարությունը։ Առանձին դեպքերում ծավալները կիսով չափ կրճատվել են։

Միջազգային վարկերով կատարված շինարարությունը 46,4 տոկոսով քիչ է եղել։

2021թ. համեմատ՝ Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարական աշխատանքները կրճատվել են գրեթե 53 տոկոսով և կազմել են ընդամենը 3,1 մլրդ դրամ։ Եվրոպական ներդրումային բանկի գումարներով իրականացվել է 2,8 մլրդ դրամի շինարարություն, ինչը 48,6 տոկոսով պակաս է եղել 2021թ. ցուցանիշից։

Ասիական զարգացման բանկի պարագայում անկումը հասնում է 35 տոկոսի։

Նվազել են նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքները։ Դրանք կազմել են 1,8 մլրդ դրամ, ինչը 2021թ. պակաս է 6,5 տոկոսով։

Աճ է գրանցվել միայն Գերմանական զարգացման բանկի պարագայում։ Բայց խոսքը մեծ գումարների մասին չէ. այս բանկի միջոցներով 2022թ. 10 ամսում կատարվել է ընդամենը 1,5 մլրդ դրամի շինարարություն։

Այլ վարկային միջոցներով իրականացված շինարարությունն էլ նվազել է ավելի քան 77 տոկոսով։

Թե ինչո՞վ է պայմանավորված բյուջեով իրականացվող շինարարության ծավալների կրճատումը, երբ կառավարությունն ամեն տարի հայտարարում է կապիտալ ծախսերի մեծածավալ ավելացման մասին, կարելի է միայն ենթադրել։ Ըստ էության, գործ ունենք նախկինից եկած նույն խնդիրների հետ. գումարները հատկացվում են, բայց վերջում պարզվում է, որ նախատեսված աշխատանքները չեն կատարվել։ Գումարներն էլի ավելացնում են ու խոստանում, որ կշտկեն իրավիճակը, բայց էլի նույն վիճակն է։ Այդպես ամեն տարի պատկերը կրկնվում է։

Իսկ որ 2022թ. շինարարության ոլորտում ունենք բավական բարձր աճ՝ 10 ամսում 14,4 տոկոսի չափով, պայմանավորված է հիմնականում կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքներով։

Մասնավորի կողմից 2022թ. գրեթե 35 տոկոսով ավելի շատ շինարարություն է իրականացվել։ Այն կազմել է գրեթե 174 մլրդ դրամ։ Իրականացված շինարարության գրեթե կեսը բաժին է ընկել հենց նրանց։

Իհարկե, կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարական աշխատանքները վերաբերում են հիմնականում բնականարանային շինարարությանը, որն իսկապես մեծ տեմպ է հավաքել։ Եկամտային հարկի արտոնության սահմանափակումները բերեցին նրան, որ բազմաթիվ կառուցապատողներ շտապեցին, մինչև դրանց ուժի մեջ մտնելը, օգտվել նախկին հնարավորություններից և մայրաքաղաքի տարբեր հատվածներում բնակարանային շինարարություն իրականացնել։

Եկամտային հարկի հետվերադարձի շրջանակներում բնակարան ձեռք բերելու ցանկությունը բավական մեծ է։ Շատերը սա լավ հնարավորություն են համարում իրենց բնակարանային կարիքները բավարարելու համար։ Շատերի համար էլ այն դարձել է անշարժ գույք կուտակելու միջոց։ Հատկապես, երբ դրա պահանջարկը վերջին շրջանում ավելացել է՝ կապված ինչպես վարձակալության, այնպես էլ՝ ընդհանրապես բնակարանների նկատմամբ դրսից եկած պահանջարկի կտրուկ ավելացման հետ։

Բնակարանային շուկայի նկատմամբ հետաքրքրությունները կապված են նաև տնտեսական անորոշությունների հետ։

Այդ պայմաններում շատերը գերադասում են իրենց խնայողությունները ներդնել ոչ թե տնտեսության մեջ, այլ անշարժ գույքի շուկայում։

Առավել ևս, որ անշարժ գույքի գները մեծ տեմպերով բարձրանում են, ինչը բնակարանային շինարարության նկատմամբ պահանջարկ ներկայացնողները դիտարկում են լավ հնարավորություն՝ բարձր շահույթներ ստանալու համար։ Այլ հարց, թե այդ հաշվարկները որքանո՞վ արդարացված կլինեն։

Հայտնի է, որ անշարժ գույքի շուկան շատ զգայուն է, և միշտ չէ, որ թանկացման ուղղությամբ է շարժվում։ Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են գներն էապես բարձրանալուց հետո, նույնքան կտրուկ նվազել։

Ոչ մի հիմք չկա կարծելու, որ նույնը չի կրկնվի նաև այս անգամ։ Հատկապես որ, վերջին շրջանում նկատվող գների բարձրացումը բավական մեծ արհեստական բաղադրիչ ունի։

Ամեն դեպքում այս փուլում պահանջարկը գտնվում է ակտիվ փուլում, ինչը նպաստել է բնակարանային շինարարության ծավալների ավելացմանը։

Կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարական աշխատանքների աճը կապված է հիմնականում այս հանգամանքի հետ։ Թեև դա իր հերթին՝ նոր խնդիրներ է ստեղծել նրանց համար։

Առանց հաշվի առնելու առկա ենթակառուցվածքների թողունակությունը, մայրաքաղաքի տարբեր հատվածներում բնակարանային շինարարություն իրականացնելու թույլտվություն են տվել։ Մարդիկ կառուցել են շենքերը, իսկ հիմա պարզվում է, որ առկա ենթակառուցվածքը չի բավարարում, որպեսզի գազով ապահովվեն այդ շենքերը։ Ու հիմա կառուցապատողները ստիպված են լրացուցիչ բավական մեծ միջոցներ ծախսել՝ այլընտրանքային լուծումներ գտնելու կամ նոր ենթակառուցվածքներ անցկացնելու համար։

Ի տարբերություն կազմակերպությունների, նվազել է ոչ միայն բյուջեով, այլև բնակչության կողմից իրականացվող շինարարությունը, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում իշխանությունների այն հայտարարությունների մեջ, որ տնտեսական աճը նպաստել է մարդկանց եկամուտների ավելացմանը։

Բնակչության կողմից իրականացվող շինարարության կրճատումը հակառակի վկայությունն է։ Այն միշտ էլ կապված է եղել մարդկանց բարեկեցության ու եկամուտների ավելացման հետ։ Շինարարության ծավալների նվազումը հիմք է տալիս ասելու, որ բնակչության շրջանում տեղի է ունեցել սոցիալական իրավիճակի վատացում։

Չնայած բնակարանային շինարարության ոլորտում նկատվող ակտիվությանը, շինարարության նկատմամբ նվազել են օտարերկրյա կապիտալի հետաքրքրությունները։ Դրսի ներդրողների կողմից այս ոլորտում իրականացված ներդրումները կրճատվել են։ Ընդ որում՝ բավական մեծ տեմպերով՝ 2021թ. համեմատ գրեթե 19 տոկոսով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս