Կառավարությունը 25 մլն դոլար է տալիս, ինչ է թե՝ մարդիկ չեն ուզում իրենց զրկել ճոխություններից
Ինչ է թե՝ ՏՏ ոլորտի ընկերությունները, դոլարի արժեզրկման հետևանքները մեղմելու համար, հակված չէին նվազեցնել իրենց առանց այն էլ չափազանց բարձր աշխատավարձերն ու ճոխ ծախսերը, կառավարությունը որոշեց պետական բյուջեից 10 մլրդ դրամի օգնություն տրամադրել նրանց։
10 միլիարդը եթե վերածենք տարադրամի, կստացվի գրեթե 25 մլն դոլար։
Կառավարությունը գրչի մեկ հարվածով հարկատուների վճարած հարկերից 25 մլն դոլար վերցրեց ու տվեց մի ոլորտի, որը համարվում է մեր տնտեսության ամենակայացած ճյուղերից մեկը։
Եթե կայացած ոլորտն է այդպիսին, ապա ի՞նչ պիտի անեն չկայացածները, որոնք ևս քիչ կորուստներ չեն կրում դոլարի արժեզրկումից։
Սակայն, քանի որ նրանք, ի տարբերություն ՏՏ-ի, ձայն չեն հանում, նրանց բանի տեղ դրող չկա։
Կառավարությունը նրանց խնդիրներն անտեսում է, փոխարենն առատորեն պարգևատրում է ՏՏ ընկերություններին, որոնք պարզապես չեն ուզում իրենց զրկել ճոխություններից։
Բոլորն էլ գիտեն, որ ՏՏ-ն մեր տնտեսության ամենաբարձր ֆինանսական ապահովվածությունն ապահովող ոլորտներից մեկն է։ Այստեղ մեծ գումարներ են պտտվում՝ աշխատավարձերի ու այլ ծախսերի տեսքով։
Կարող են իրենց թույլ տալ միլիոնների աշխատավարձեր վճարել, երբ բազմաթիվ այլ ոլորտներում, որոնք ևս մեծ կորուստներ են կրում տարադրամի թուլացումից, մարդիկ չնչին աշխատավարձեր են ստանում։
Պետությունից օժանդակություն են ուզում, բարձր աշխատավարձեր են վճարում, ճոխ պայմաններ են ստեղծում աշխատողների համար, բայց չեն ուզում մի փոքր էլ իրենց նեղություն տալ։ Կարող են ֆուլ ապահովագրություն տրամադրել, երբեմն ոչ միայն իրենց աշխատողների, այլև նրանց ընտանիքի անդամների համար, հանգիստն ու սնունդն են ապահովում։
Այսքանից հետո հակված չեն մի քիչ ձգել գոտիները, որպեսզի դիմակայեն փոխարժեքների ժամանակավոր ազդեցությանը։ Սովորել են անընդհատ ձեռքը մեկնել պետությանը։
Ու քանի որ չեն ուզում իրենց զրկել ճոխություններից, կառավարությունը որոշել է նրանց փոխարեն փակել առաջացած կորուստները։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մեծ մասն իր եկամուտները ստանում է արտերկրից՝ արտարժույթով, և այն, որ ներկայումս ԱՄՆ դոլարի և եվրոյի արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը, ուստի դա խոչընդոտ է հանդիսացել կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը։ Աջակցության տրամադրումը խթան կհանդիսանա կազմակերպությունների զարգացման համար՝ հնարավորություն ընձեռելով պահպանել առկա աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը»,- վերջերս ՏՏ-ին տրամադրված օժանդակությունն այսպես հիմնավորեց կառավարությունը։
Կարծես միայն ՏՏ ոլորտի ընկերություններն են, որոնք իրենց եկամուտները ստանում են արտերկրից՝ արտարժույթով, և քանի որ դոլարն ու եվրոն արժեզրկվել են, կորուստներ են ունենում։ Այդպիսի ընկերություններ կամ ոլորտներ էլի կան, որոնց դերը նույնիսկ շատ ավելի մեծ է՝ ինչպես տնտեսության զարգացումների, աշխատատեղեր ապահովելու, այնպես էլ՝ ընդհանրապես պետական բյուջեի եկամուտների ձևավորման գործում, բայց չգիտես ինչու, կառավարությունը նույնպիսի պատրաստակամություն չի ցուցաբերում նրանց աջակցելու հարցում։
ՏՏ-ն դարձել է մեր տնտեսության «սպիտակ ագռավը», առիթով ու առանց առիթի օգտվում է կառավարության առատաձեռնությունից։ Նաև դա է նպաստել, որ այստեղ, մեր երկրի չափանիշներով, աստղաբաշխական աշխատավարձեր են վճարում, երբեմն՝ ընդհուպ 3-4 մլն դրամի չափով։
Միջին աշխատավարձը ոլորտում հասել է գրեթե 1 մլն դրամի։ Որևէ այլ ոլորտում այդպիսի բարձր աշխատավարձեր չկան։ Անգամ այդքանից հետո չեն ուզում իրենց միջոցների հաշվին փակել առաջացած ժամանակավոր դժվարությունները և ձեռքը ձգում են պետական գանձարանին։ Իշխանությունն էլ ամեն անգամ տուրք է տալիս նրանց ներկայացրած պահանջներին։
Մեծ կորուստ չէր լինի, եթե փոխարժեքի անկումը ծածկեին աշխատավարձերի բարձրացումը մի փոքր զսպելու ու մյուս ծախսերը կրճատելու հաշվին։
Առաջին անգամ չէ, որ կառավարությունը բարեհաճություն է ցուցաբերում ՏՏ-ի նկատմամբ։
Նաև դրանով էր պայմանավորված, որ հրաժարվեցին եկամտային հարկի տարբերակված դրույքաչափերից և գնացին համահարթեցման։ Սրանով ևս պետական բյուջեի հաշվին անուղղակիորեն նպաստեցին ոլորտում աշխատավարձերի բարձրացմանը։ Ժամանակին նման մի օժանդակություն էլ ցուցաբերեցին կուտակային կենսաթոշակային վճարումների շրջանակներում։
Բոլորովին վերջերս էլ որոշեցին երկարացնել ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին տրամադրվող աջակցությունը։
Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի սկսնակները ստանում են հարկային արտոնություններ. մասնավորապես ազատվում են շահութահարկից, իսկ եկամտային հարկը վճարում են 10 տոկոսի չափով՝ առնվազն կրկնակի քիչ, քան մյուսները։
Որևէ այլ ոլորտում այսպիսի արտոնյալ պայմաններ չկան։ Այդ արտոնյալ պայմաններից ու հնարավորություններից էլ օգտվում են ՏՏ ընկերությունները։
Պետությունից արտոնություններ ու ֆինանսական աջակցություն են խնդրում, բայց չեն բարեհաճում կրճատել իրենց պահպանման ծախսերը։ Միայն այս տարվա ընթացքում ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը բարձրացել է գրեթե 38 տոկոսով։
Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, թե խոսքն ինչի մասին է, նշենք, որ անվանական արտահայտությամբ դա համարժեք է 265 հազար դրամի. 2021թ. 704 հազարից միջին աշխատավարձը դարձել է 969 հազար։
Դոլարի արժեզրկումից ու ֆինանսական կորուստներից են բողոքում, բայց 10 ամսում 265 հազար դրամով միջին աշխատավարձ են բարձրացրել։ Այդքանից հետո էլ ֆինանսական փոխհատուցում են պահանջում։
Կառավարությունն էլ հոժարակամ տալիս է, որպեսզի ոլորտում 265 հազար դրամով բարձրացրած աշխատավարձերը պահպանվեն։ Այն դեպքում, երբ տնտեսության բազմաթիվ այլ տուժած հատվածներում աշխատավարձերը նույնիսկ 265 հազարի չեն հասնում։ Ու նրանց կառավարությունը ոչնչով չի աջակցում, չնայած փոխարժեքների անկումից պակաս կորուստներ չեն կրել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ