Ո՞ւմ եք ուզում զարմացնել

Հայաստանի արտաքին առևտուրն 2022թ. մեծ տեմպերով ավելացել է։ Շատ ավելի մեծ, քան տնտեսությունն է աճել։ Ստացվում է՝ տնտեսությունն այդքան չի արտադրել, բայց արտահանվել է։ Այլ հարց է, թե ինչպե՞ս։

Այս հարցի պատասխանն իշխանությունները սովորաբար շրջանցում են։ Փոխարենը՝ ուզում են տպավորություն ստեղծել, թե՝ տեսեք, ինչպիսի մեծ հաջողությունների ենք հասել արտաքին առևտրի ոլորտում։ Ռեկորդային աճեր են արձանագրվել։ Ավելացել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Բայց արտահանումը՝ ավելի մեծ տեմպով։

Պաշտոնական տվյալներով, ներմուծումն աճել է՝ 63, արտահանումը՝ 71 տոկոսով։

Արտահանման այսպիսի կտրուկ աճից կարող է թվալ, թե մեր տնտեսությունը սկսել է արագորեն նվաճել արտաքին շուկաները։ Բարձրացել է տեղական ապրանքների մրցունակությունը դրսում։ Այն էլ՝ ազգային արժույթի այսպիսի ամրապնդման պայմաններում։ Արտահանողները 2022թ. տարվա սկզբից գոռում են, թե դրսի շուկաներում մեծ վնասներ են կրում դրամի ամրապնդումից, բայց դրանից արտահանման ծավալները ոչ միայն չեն նվազում, այլև ռեկորդային տեմպերով ավելանում են։

Տպավորություն է, որ դրամի ամրապնդումը մի բան էլ նպաստում է արտաքին շուկաներում տեղական ապրանքների մրցունակության բարձրացմանն ու արտահանման ծավալների ավելացմանը։ Բայց դա միայն տպավորություն է։

Ազգային արժույթի արժևորումը թուլացնում է տեղական արտադրանքի մրցունակությունը դրսի շուկաներում։ Սա տարրական տնտեսագիտական նորմ է, որից ոչ մի երկրի տնտեսություն չի կարող խուսափել։

Այլ բան, որ ազգային արժույթի արժևորումը մեկ այլ կերպ է նպաստում արտահանմանը, ոչ թե տեղական արտադրության, այլ ներմուծվող ապրանքների միջոցով, որից էլ լիարժեք օգտվում են որոշ տնտեսվարողներ։ Աշխատում են ներմուծում-արտահանումների վրա։

Դա խրախուսում է նաև կառավարությունը. մի կողմից՝ ունենում ենք արտաքին առևտրի այսպիսի ռեկորդային աճեր, ոչինչ, որ դրանք մեր տնտեսության արտահանելի հատվածի հաշվին չեն, մյուս կողմից՝ տնտեսական ցուցանիշներն են բարելավվում։ Ունենում ենք աճեր, որոնք կան, բայց մերը չեն, մեր տնտեսության զարգացումների ու ակտիվության հաշվին չեն։

Այսպիսի մի օրինակ բերենք՝ հիմնված պաշտոնական ցուցանիշների վրա։

Նախորդ տարվա 10 ամսում Հայաստանում արտադրվել են 17,7 մլրդ դրամի էլեկտրական սարքավորումներ։ Այս խմբում չներառված մեքենաների ու սարքավորումների արտադրությունն էլ կազմել է 13,7 մլրդ դրամ։ Ընդհանուրը 31,4 միլիարդ է։

Համարենք, որ 40 միլիարդ է։ Գործող փոխարժեքներով այն համարժեք է շուրջ 100 մլն դոլարի։

Նույն ժամանակահատվածում Հայաստանից ավելի քան 500 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմներ են արտահանվել։ Հինգ անգամ ավելի շատ, քան արտադրվել է։ Ի դեպ, սրա մեջ տրանսպորտային միջոցները չեն մտնում։

Հարց է առաջանում, ինչպե՞ս, եթե չի արտադրվել։

Այս հարցի տակ էլ թաքնված են արտահանման ու ներմուծումների այն հսկայական աճերը, որոնք այս տարի արձանագրվում են։

Մեքենաների, սարքավորումների ու մեխանիզմների արտադրությունն այդքան չի աճել, բայց արտահանումը նախորդ տարվա համեմատ անգամներով աճել է. 10 ամսում՝ 1100 տոկոսով կամ 11 անգամով։

Պաշտոնական տվյալներով՝ 2021թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտահանվել էր ընդամենը 45 մլն դոլարի մեքենա, սարքավորումներ և մեխանիզմներ։ Նույն պաշտոնական տվյալներով, 2022թ. հունվար-հոկտեմբերին այդ ապրանքների արտահանումը կազմել է 500 մլն դոլար։

Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է։ Եթե նույնիսկ ոլորտի արտադրողները կաշվից դուրս գային, մեկ տարում երբեք չէին կարողանա այսպիսի կտրուկ պոտենցիալ ձևավորել։

Մեր տնտեսությունը գուցե ինչ-որ չափով նպաստել է դրան, բայց պարզ է, որ այս աճի գերակշիռ մասը մեր տնտեսության հաշվին չէ։ Այլ երկրների տնտեսությունների հաշվին է, որը, սակայն, երևում է մեր արտահանման, նաև ներմուծումների ցուցանիշներում։

Պատահական չէ, որ այդ ապրանքների ներմուծումն էլ է կտրուկ ավելացել։

Անվանական արժեքով այս խմբի ապրանքների ռեկորդային ներմուծում է եղել. պաշտոնական տվյալներով, 2022թ. առաջին 10 ամսում ավելի քան 1,3 մլրդ դոլարի մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմներ են ներմուծվել Հայաստան։

Գրեթե կրկնակի ավելի շատ, քան եղել էր անցած տարի։ 2021թ. 10 ամսում 693 մլն դոլար էր կազմել այդ ապրանքների ներմուծումը։ 2022թ. 620 միլիոնով ավելի շատ է։ Դրա հաշվին էլ ավելացել է արտահանումը։

Վերցնենք մեկ այլ ապրանքախումբ. վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանումը Հայաստանից 2021թ. կազմել էր 35 մլն դոլար։ 2022թ. անցել է 150 միլիոնից։ Ավելացել է 430 տոկոսով կամ 4,3 անգամով։

Այս արտահանման հիմնական մասն ավտոմեքենաներն են, որոնք որոշ շուկաներում առաջացած հարկադիր պահանջարկի հետևանքով՝ դրսից եկել են Հայաստան, իսկ Հայաստանից գնացել այլ երկրներ։

Արտաքին առևտրի 2022թ. բարձր աճերի մեջ այդպիսի ապրանքներ շատ կան։

Դրա արդյունքում մեր արտահանումն ավելացել է, բայց մեր տնտեսությունը չի շահել։

Այդպիսի աճերից տնտեսությանը ո՛չ լավ, ո՛չ վատ է։ Փոխարենը՝ ունենում ենք արտաքին առևտրի և հատկապես արտահանման ահռելի աճեր, ինչն էլ իշխանություններն օգտագործում են իրենց աշխատանքն ու արձանագրած տնտեսական ցուցանիշները փառաբանելու համար։

Չնայած այստեղ փառաբանելու ոչինչ չկա։ Դա մեր տնտեսության հետ այնքանով կապ ունի, որքանով հայտնի ասացվածքի՝ խոզը տուռնիկի հետ։

Սրանով ո՛չ մեր տնտեսության պոտենցիալն է բարձրանում, և ո՛չ էլ արտահանման կարողությունը։ Սա ընդամենը բիզնես է, որից օգտվում են որոշ գործարարներ։

Կառավարությունն էլ շահում է արտահանման ու ներմուծման, նաև տնտեսական ցուցանիշներում. ոչինչ չանելով՝ աճեր է ունենում ու փորձում դրանք ներկայացնել՝ որպես մեծագույն ձեռքբերում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս