Տիգրան Խաչատրյանը ձախողեց. Հերթը Վահան Քերոբյանինն է

Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու կառավարության փորձը տապալվեց։ Որոշում ընդունելուց ավելի քան 3 տարի անց պարզվեց, որ ոչինչ էլ չի արվել։

Ժամանակին այդ նախաձեռնությունը հիմնավորել ու կառավարությանն էր ներկայացրել էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը, ով այժմ զբաղեցնում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը (դրանից առաջ նա Ֆինանսների նախարարն էր)։

Այսօր Տիգրան Խաչատրյանն այլևս էկոնոմիկայի նախարար չէ և չի խոսում իր ներկայացրած ձախողված ծրագրի մասին, թեև հիմա պակաս պատասխանատու նախարարական պորտֆել չի զբաղեցնում։ Նա էկոնոմիկայի նախարար լինելուց հետո ֆինանսների նախարարի պաշտոնում էր փորձում դրսևորել իր փորձն ու հմտությունները։

Թե ինչքանո՞վ էին Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրի վերաբերյալ Տիգրան Խաչատրյանի հիմնավորումներն արդարացված, վկայում է այն, ինչ ունենք կառավարության որոշման ընդունումից 3 տարի անց։ Այն ժամանակ Տիգրան Խաչատրյանը սա մեծ խթան էր համարում արտահանման, ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, կայուն տնտեսական զարգացումների և հատկապես նոր աշխատատեղերի ստեղծման համար։

«Նախատեսվում է, որ այս գոտու շահագործման շնորհիվ աշխատանք կունենան 13 000 աշխատակիցներ: Առաջին փուլում՝ 30 հեկտարի շահագործման ժամանակ, մինչև 3000 աշխատակիցներ կլինեն»,- կառավարության նիստերից մեկում հայտարարում էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։

Դժվար է ասել՝ այն ժամանակ Տիգրան Խաչատրյանը հավատո՞ւմ էր իր ասածներին, թե՞ ոչ, բայց շատերը հաստատ թերահավատ էին։ Պարզապես այդպես էր պետք կառավարությանն ու իշխանություններին. խնդիր կար ցույց տալու, թե ինչ «հզոր» ծրագրեր են սկսվել Հայաստանում իշխանափոխությունից հետո։

Ազատ տնտեսական գոտու ծրագրի իրականացման արդյունքում ուղղակի և անուղղակի պիտի ստեղծվեր ավելի քան 56 հազար աշխատատեղ, ներգրավվեին շուրջ 540 մլն դոլարի ուղղակի ներդրումներ։

Թվերը, անշուշտ, տպավորիչ էին։ Այլ բան, որ դրանց տակը դատարկ էր։

Այնպես, ինչպես այն «միլիարդների» ներդրումային ծրագրերի դեպքում, որոնց մասին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում հայտարարում էր Տիգրան Խաչատրյանը։

Եթե հիշում եք, մի պահ ընդհուպ մինչև 5 միլիարդի հասնող ծրագրերից էին սկսել խոսել։ Բայց այդ ծրագրերն այդպես էլ ոչ մեկը չտեսավ։ Ընդհակառակը՝ այդ հայտարարություններից հետո ներդրումները նույնիսկ կրճատվեցին, ներդրումային իրավիճակն ավելի վատացավ։ Այսօր էլ օտարերկրյա ներդրումների քիչ թե շատ էական տեղաշարժ չկա։

Գյումրու ազատ տնտեսական գոտու ստեղծումը ևս հավանաբար մտնում էր միլիարդների հասնող այդ ներդրումային ծրագրերի մեջ։ Ինչպես ազատ տնտեսական գոտին կյանքի կոչվեց, այնպես էլ՝ ներդրումային մյուս ծրագրերը։

Ազատ տնտեսական գոտու ստեղծումով տասնյակ հազարների հասնող աշխատատեղեր էին խոստանում բացել գործազրկության բարձր մակարդակով միշտ առանձնացող Շիրակի տարածաշրջանում։ Մարդիկ էլ լսում էին ու հավատում։ Բայց այդպես էլ չտեսան այդ աշխատատեղերն էլ, բացված ազատ տնտեսական գոտին էլ։

Այլևս պարզ է, որ ծրագիրը վերջնականապես տապալվել է։ Երեք տարվա ընթացքում ծրագրի պատասխանատու ընկերությունը ոչինչ չի արել։

Հետո՞ ինչ, որ հավաստիացրել էր, թե ծրագիրը կենսունակ է և կյանքի է կոչվելու։ Իսկ որտե՞ղ էին կառավարությունն ու կառավարության պատասխանատուները, որոնք առանց հիմքերի կանաչ ճանապարհ են տվել անիրատեսական այդ ծրագրին։

Նույնիսկ որոշում ընդունելուց հետո կառավարությունը հետամուտ չի եղել իր ընդունած որոշմանը։

Որոշումն ընդունել են, փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են, տասնյակ հեկտարներով հողատարածքները հանձնել են այդ ընկերությանն ու այդքանով իրենց գործը համարել են ավարտված։ Երեք տարի լուռ հետևել են, թե ինչպես ոչինչ չեն անում, ու պատասխանատվության որևէ միջոց չեն կիրառել պետությանը պատճառած վնասների համար։

Կարող էր, չէ՞, լինել այլ ընկերություն, որն այդ հողերի վրա մեկ այլ ծրագիր ուզենար իրականացնել։ Բայց չի իրականացրել, որովհետև մեկ ուրիշը՝ կառավարության աջակցությամբ, վերցրել է դրանք ու մատնել անտերության։

Հեշտ է ամեն ինչ բարդել Քովիդի վրա՝ իրենց անգործությունն արդարացնելու համար։ Ծրագրի չիրականացման վնասները, ըստ էության, չեն էլ գնահատել։

Տիգրան Խաչատրյանի «ստեղծած» ազատ տնտեսական գոտուց ոչինչ չստացվեց, հիմա էլ Վահան Քերոբյանն է որոշել Գյումրիում չոր նավահանգիստ բացել։

Չոր նավահանգիստ կոչվածը, ըստ էկոնոմիկայի գործող նախարարի, համարյա թե նույն բան է։ Պարզապես ազատ տնտեսական գոտին մասնավորը պիտի ստեղծեր, չոր նավահանգստի ստեղծման առաջնորդությունը մտադիր է իր վրա վերցնել կառավարությունը։ Մասնավորին որոշել են չվստահել։

«Մենք արդեն ունենք պատրաստ հայեցակարգ, և Հանրային ներդրումային կոմիտեի մոտակա նիստում քննարկելու են այդ ծրագրի իրականացումը։ Նախնական տվյալները մեզ թույլ են տալիս ասել, որ կառավարությունը դրական վերաբերմունք կձևավորի, բայց ամեն ինչ կախված է լինելու Հանրային ներդրումային կոմիտեից, որը մինչև տարեվերջ տեղի կունենա։

Եթե Հանրային ներդրումային կոմիտեն դրական եզրակացություն տվեց, մենք մանրամասն տեխնիկատնտեսական հետազոտության փուլ ենք անցնելու, և եթե այդ փուլն էլ դրական արդյունքներով եկավ, այսինքն՝ եթե պարզվի, որ այդ նախագիծը Հայաստանի համար շահավետ է, դրանից հետո մենք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով պետք է ներգրավենք օպերատոր, որը կսկսի ներդրումներ անել և տարբեր տիպի ընկերություններ հրավիրել այդ արդյունաբերական գոտի՝ իրենց արտադրությունները հիմնելու համար։

Եթե ամեն ինչ ճիշտ գնա, ապա Գյումրիում 2-3 տարվա ընթացքում կստեղծվի 20-40 հազար աշխատատեղ»,- հիմա էլ հայտարարում է Վահան Քերոբյանը։

Տիգրան Խաչատրյանը 13 հազար աշխատատեղից էր խոսում, Վահան Քերոբյանը՝ 20-40 հազարից, այն էլ՝ 2-3 տարվա ընթացքում։

Եվ ինչի՞ վրա է էկոնոմիկայի նախարարի հույսը։ Առնվազն այս պահին այդպիսի հիմքեր չկան։ Տնտեսական ու տարածաշրջանային այն անորոշությունները, որոնց մեջ հայտնվել է Հայաստանը նման ծրագիր իրականացնելու համար բացարձակ նախադրյալներ չի թողնում։ Թեև դա չի նշանակում, թե վաղը Վահան Քերոբյանի ասած Հանրային ներդրումային կոմիտեն այն չի հաստատի ու չեն սկսելու խոսել այն մասին, որ 2-3 տարվա ընթացքում Գյումրիում 20-40 հազար աշխատատեղեր են ստեղծելու։ Ոչինչ, եթե չստեղծվի, ինչպես եղավ ազատ տնտեսական գոտու պարագայում։ Դրա համար պատճառներ միշտ էլ կգտնվեն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս