«Հարգելի գործարարներ, դուք կամ կաք երկրի շահերը պաշտպանելու համար, կամ չկաք. թափ տվեք ձեզ». Կարեն Բեքարյան
«Հայաստանի իշխանություններին Արցախի սուբյեկտայնության հարցը ոչ հետաքրքրել է, և ոչ էլ հետաքրքրում է: Որքան էլ բարդ է էմոցիոնալ և կառուցվածքային տեսանկյունից, պետք է ՀՀ իշխանություններին մի կողմ դնել: Չկա ակնկալիք, ժողովուրդ, ինքնախաբեությամբ եկեք չզբաղվենք»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային լռության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ընթացքում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելու հարցին:
Ըստ նրա՝ նման իրավիճակում անբանի եզրույթ է այն մտայնությունը, թե ամեն ինչ վաղուց որոշված է, և մենք ոչինչ չենք կարող անել:
«Ճգնաժամն այնքան մեծ է, որ չկա որևէ գործողություն, որն իմաստ չունենա անել, անգամ, եթե նա ակնկալած արդյունքն իր հետ չի բերելու: Հետևաբար՝ նման ճգնաժամերի պարագայում կա ֆրոնտալ աշխատանքի դաշտ՝ առանց հայացք հետ նետելու, իր մեջ ունենալով հավատի էլեմենտ, որի ջրի շիթը քար է ծակում»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Վերլուծաբանը նկատեց՝ Արցախն անգամ իր չճանաչվածության պարագայում ունի գործողությունների լայն հնարավորություն:
«Արցախի արտգործնախարարը շրջափակումից դուրս է: Կկարողանա՞, կօգնե՞նք, ո՞նց կօգնենք, որ կարողանա իր շուրջը ձևավորել այնպիսի թիմ՝ բանակցայինից մինչև ցանկացած օպերատիվ գործողության, որ իր ձայնը լսելի դարձնի ողջ աշխարհին»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով՝ պետք է լինի կառույց, որն իր հարկի տակ կհամախմբի տարբեր լեզուների տիրապետող որակյալ թարգմանիչների, ովքեր հնարավոր ու անհնար բոլոր խողովակներով՝ սկսած սոցցանցերից, վերջացրած միջազգային ԶԼՄ-ներով, ընդ որում, դրա համար լուրջ գումարներ ծախսելով, էս ամեն ինչի մասին կթմբկահարեն:
«Այդ մեսիջները պետք է գան Արցախից ու գեներացվեն տեղում: Այստեղ շատ խոսվեց այն մասին, որ մարդիկ ասում են՝ ասեք՝ ինչ անենք, անենք: Շատ հույս ունեմ, որ այդ մարդկանց մեջ կան գործարարներ, ովքեր հասկացել են, որ ազգային, պետական շահերն այսօր այն ստիճանի են տորպեդահարված, որ սովորականի համար հետ դառնալ ու նայել, թե իշխանությունն ինչ կասի, եթե ես հանկարծ այստեղ մի քանի լումա ավել ծախսեմ, հնարավոր չէ: Էդ սովորական, դասական, տականք բանաձևերն էլ չեն աշխատում»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Նա դիմեց գործարար համայնքին:
«Հարգելի գործարար համայնք, դուք կամ կաք էս երկրի, պետության ազգային-պետական շահերն առաջ մղելու հարցում, կամ չկաք: Իսկ եթե չկաք, դա հետևանքներ է բերում, իսկ դրանք չեն սկսում ու ավարտվում այսօրվա գործող իշխանություններով: Ոչ մեկը չի վերացրել հանցավոր անգործության քաղաքական թեզը: Իսկ հավատացեք, իրավիճակի փոփոխության դեպքում այդտեղ այնքան խոսելիք կլինի: Հետևաբար՝ երևի ժամանակն է, որ բոլորն իրենց մի հատ թափ տան: Հերիք է թաքնվել չեղած իշխանությամն հետևում»,- ասաց քաղաքական վերլուծաբանը:
Կարեն Բեքարյանը պնդում է՝ յուրաքանչյուր մշակութային գործիչ, սպորտսմեն, իր հանրությունում ճանաչելի, ընկալելի մարդ անելիք ունի:
«Ես ժամերի ճշգրտությամբ սպասում եմ Արցախի նորանշանակ արտգործնախարարի և Ամենայն Հայոց հայրապետի հանդիպմանը՝ իր հետ բերող ինստիտուցիոնալ կապի ծրագրով, օրհնանքով և ոչ միայն: Բոլորս իրենց ծառա: Բայց սա անել է պետք ժամ շուտ»,- եզրափակեց Կարեն Բեքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում