Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը

Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով (Humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh): Այս տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանի կայքէջից։

Եվրոպական միության գործադիր մարմինների հետ նախատեսվող բանավեճում Եվրոպական խորհրդարանի անդամները հանդես կգան ելույթներով և կքվեարկեն նույն թեմայով մինչ այդ մշակվելիք հրատապ բանաձևի ընդունման հարցով:

Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի մի շարք անդամների կողմից արդեն իսկ եղել են տարբեր արձագանքներ, այդ թվում՝ ԵՄ գործադիր մարմիններին ուղղված նամակների ու պատգամավորական հարցերի տեսքով: Դրանք հստակ են և հիմնված Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերի վրա: Մասնավորապես, հրատապ նամակ դեկտեմբերի 14-ին՝ չորս տարբեր խմբակցությունների վեց պատգամավորների կողմից (նամակը և ստորագրողների ցանկը հասանելի է այստեղ), նամակ՝ անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) նախաձեռնությամբ, որին միացել է ևս 28 պատգամավոր, մի քանի գրառումներ Հայաստանի հարցերով համազեկուցող Վիոլա ֆոն Կրամոնի (Greens/EFA, Գերմանիա) կողմից, «Պահպանողականների ու բարեփոխիչների խմբակցության» (ECR) փոխնախագահ Ասիտա Կանկոյի (Բելգիա) կողմից պատգամավորական հարց, Լուկաս Ֆուռլասի (ԵԺԿ, Կիպրոս) կողմից պատգամավորական հարց, մի շարք գրառումներ Պետեր վան Դալենի (ԵԺԿ, Նիդերլանդներ) և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի (ԵԺԿ, Ֆրանսիա) կողմից։

Հարցին անդրադարձել էր նաև ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը (S&D, Էստոնիա)՝ դեկտեմբերի 15-ին հանդես գալով հայտարարությամբ։

Տեսանյութեր

Լրահոս