Նույն ֆորմատով, առանց խոստացած արդյունքների, ադրբեջանցիների հետ երկրորդ հանդիպումն անիմաստ եմ համարում. Ռուբեն Բաբայան

Արդեն 32 օր է, ինչ ադրբեջանցի կեղծ բնապահպանները փակ են պահում Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը 168.am-ի հետ զրույցում  ասաց, թե փորձում է ստեղծված իրավիճակի մասին տեղյակ պահել տարբեր երկրներում ապրող իր ընկերներին, բայց կարծում է, որ խնդիրն ավելի խորն է:

«Խնդիրը միայն միջանցքը չէ: Այն կարող է վաղը բացվել, բայց ոչ մի երաշխիք չկա, որ մյուս օրը կրկին չի փակվի: Գիտենք, որ վնասվել է Հայաստանից Արցախ եկող բարձրավոլտ միակ գիծը։ Վթարը, ըստ «Արցախէներգո»-ի, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղավնո-Բերձոր հատվածով անցնող տարածքում է։ Նման բաներ կարող են մշտապես լինել: Պատերազմն ավարտված չէ, ունի տարբեր ձևեր, այս պահին գնում է հիբրիդային պատերազմ, պարտադիր չէ, որ անպայման լինի զինված բախում: Կարևորն այն է, թե ինչպե՞ս ենք տեսնում ապագան:  Տարբեր գնահատականներ կարող ենք տալ, բայց կարծում եմ՝ քայլերի  ճիշտ կամ սխալ լինելը կարելի է գնահատել միայն այն ժամանակ, երբ մենք գիտենք, թե ինչ նպատակ ունենք: Երբ նպատակը մշուշոտ է, շատ դժվար է քայլերին գնահատական տալ»,- ասաց Ռուբեն Բաբայանը՝ ընդգծելով, որ ապագայի հանդեպ չունենք որոշակի տեսլական, ստրատեգիական մոտեցում:

«Ի՞նչ է լինելու 2.5 տարի հետո, երբ ավարտվի խաղաղապահների ժամկետը: Ինչպիսի՞ն պետք է լինեն մեր հարաբերությունները, քաղաքակրթական ընտրությունը: Ինչո՞ւ ենք մշտապես խուսափում անմիջական շփումից, երկխոսությունից, և հիմնականում մեր հույսը կապում ենք գերտերությունների հետ: Դա միգուցե գալիս է դեռևս 1915թ.-ից, երբ մեզ թվում էր, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը, որը տեղի է ունենում աշխարհում, կարող է ինչ-որ ձևով ազդել Թուրքիայի դիրքորոշման վրա: Տեսանք, որ իրականում դա որևէ ազդեցություն չունի: Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը: Միշտ կողմնակից եմ եղել անմիջական կոնտակտի՝ ինչքան էլ ծանր ու դժվար լինի, որովհետև բոլոր միջնորդները, այնուամենայնիվ, սեփական շահերն են հետապնդում: Երբ քո իրավունքների պաշտպանությունը հանձնում ես ուրիշին, ակամա պետք է պատրաստ լինես, որ ավելի շատ իր շահերն է պաշտպանելու, քան քո: Իրադարձություն է տեղի ունենում, և մենք արձագանքում ենք. մեր նախաձեռնությունը ո՞րն է լինելու, ի՞նչ երկիր ենք ուզում կառուցել:

Կարդացեք նաև

Այստեղ, ես կարծում եմ՝ ամենամեծ պրոբլեմն է, որը կա նաև հասարակության մեջ, որը միատարր չէ. մի մասն իրեն տեսնում է ԵԱՏՄ-ի, ՌԴ-ի հետ դաշնակցային վիճակում, ուրեմն պետք է համակերպվել, որ ՌԴ-ն ունի մի շարք կապեր և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ: Մյուս մասն էլ տեսնում է իրեն եվրոպական դաշտում: Եվրոպական երկրներն ինչքանո՞վ են պատրաստ գլոբալ հարցերը դնել մի կողմ և զբաղվել մեր հարցով: Սա չի տալիս հնարավորություն՝ սթափ գնահատել  քայլերի արդյունավետությունը»,- ընդգծեց Տիկնիկային թատրոնի տնօրենը:

Մեր դիտարկմանը՝ Հայաստանի մշակույթի, կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ, 2021թ. դեկտեմբերի 23-24-ին Մոսկվայում հանդիպեցին  Ադրբեջանի մշակույթի ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, և հայկական կողմի 4 ներկայացուցիչներից մեկն ինքն էր, արդյո՞ք ստեղծված իրավիճակի հետ կապված կա երկխոսություն, կապ՝ Ռուբեն Բաբայանը պատասխանեց.

«Չէ, չկա: Նախաձեռնությունը երրորդ կողմից էր, Ռուսաստանից: Այդ հանդիպումն ավարտվեց որոշակի պայմանավորվածություններով, քանի որ մշակույթի գործիչներն էին հանդիպում, և մարդասիրական խնդիրն առաջնային էր, մենք առաջ քաշեցինք հետևյալը, որպեսզի չդառնա ձևական հանդիպում, պետք է  ունենա որոշակի արդյունք: Մարդասիրական արդյունքը մեզ համար մեր գերիների հարցն էր: Ասացին, որ հասկանում են մեր մտահոգությունները: Իրենք էլ ունեին մտահոգություններ՝ կապված քարտեզների հետ:

Ասացինք, որ հարցը կբարձրաձայնենք: Ինչքան գիտեմ՝ ՀՀ իշխանությունները բոլոր քարտեզները վերադարձրել են: Իրենք էլ ասացին՝ հարցը կբարձրացնեն, մեր տղաները կվեադառնան, բայց ոչ մի քայլ չի արվել: Անձամբ ես նպատակահարմար չեմ գտնում շարունակել այդ հանդիպումները, չնայած, ինչքան գիտեմ, ՌԴ կողմից մի քանի անգամ բարձրացվել է այդ հարցը, թե՝ եկեք շարունակենք:    Բայց ինչ-որ արդյունք եթե չի տվել առաջին հանդիպումը, եթե գնում ես երկրորդ հանդիպմանը, փաստորեն համաձայնում ես նրա հետ, որ այս հանդիպումները  ձևական բնույթ են կրում: Շփումը շատ լավ է, եթե ունենում է արդյունք: Ամեն դեպքում, նույն ֆորմատով, առանց խոստացած արդյունքների, երկրորդ հանդիպումն անիմաստ եմ համարում»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Տեսանյութեր

Լրահոս