Բաժիններ՝

ԱՀԿ-ն արձագանքել է Առողջապահության նախարարության՝ Արցախում առողջական և հումանիտար ճգնաժամի մասին դիմումին

Ադրբեջանցի, կեղծ բնապահպանները, 32 օր է, ինչ փակ են պահում Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

ՀՀ Առողջապահության նախարարությունը խնդրի առնչությամբ դիմել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: 168.am-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք պատասխանել են դիմումին, և ի՞նչ արձագանք է եղել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մեր հարցերին ԱՆ լրատվական բաժնից կարճ պատասխանեցին.

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից պատասխան ստացել ենք, աշխատանքները շարունակվում են»:

Այլ մանրամասներ չտրվեցին, մասնավորապես, թե կոնկրետ ինչ բնույթի պատասխան է եղել:

Կարդացեք նաև

Հավելենք, որ Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 19 հիվանդ։

Հիշեցնենք, որ Կառավարության հունվարի 5-ի նիստից հետո Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հարցին, թե արդյոք Առողջապահության նախարարությունն ունի՞ լիազորություններ դիմելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ շրջափակված Արցախում գտնվող քաղաքացիների առողջական խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց լուծումներ տալու համար, պատասխանել էր. «Իհարկե ունի, իհարկե դիմել ենք, ամենօրյա կապի մեջ ենք նաև օպերատիվ իրավիճակը, պացիենտների վերաբերյալ տվյալները հաղորդելու և գործարկում ենք բոլոր մեխանիզմները, որպեսզի միջազգային կառույցներն իրենց մանդատի շրջանակներում անեն հնարավորինս՝ թե առողջական, թե հումանիտար այս ճգնաժամն ուղղելու առումով»:

Տեսանյութեր

Լրահոս