Ռուս փորձագետները «ճնշե՞լ» են Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Գրիգորյանին

Բերձորի միջանցքի ճգնաժամի ֆոնին Նիկոլ Փաշինյանի մի քանի ժամ տևած ասուլիսը ոչ թե պատասխաններ տվեց հարցերին՝ ինչպես հաղթահարել այդ  շրջափակումը, երբ կբացվի Արցախի կյանքի ճանապարհը, ՀՀ իշխանությունն ինչ դիրքորոշում ունի Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ, այլ ավելի անորոշ դարձրեց և Արցախի, և Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։

Մամուլի ասուլիսի վերջում Նիկոլ Փաշինյանը, որն աշխարհակարգի փլուզման և աշխարհում գլոբալ պատերազմի ու նորանոր պատերազմների սպառնալիքի ֆոնին տարածաշրջանում ներկայանում է իր խաղաղության դարաշրջան կասկածելի գաղափարով, նույնիսկ կամա թե ակամա անկեղծացավ՝ նշելով, թե իր պրոբլեմն այն է, որ զիջումների գիծը չի երևում. մինչև որտե՞ղ, այդ սահմանը չի երևում նաև այսօր։ Այս խոստովանությունը, թերևս, հաստատեց հայաստանյան փորձագիտական հանրության ու ընդդիմադիր գործիչների վերջին տարիների այն պնդումները, որ Ադրբեջանը ՀՀ որևէ զիջման վրա կանգ չի առնելու, որ զիջումները երբեք խաղաղության տանող ճանապարհ չեն։

Սակայն հայկական կողմը հատկապես հետպատերազմյան շրջանում արդեն իսկ բազմաթիվ ռազմավարական զիջումներ է արել միակողմանիորեն, և այսօր պաշտոնապես անպատասխանատու խոստովանություն է հնչում, որ դրանց վերջը չի երևում։ Եվ չնայած դրան՝ ՀՀ իշխանություններն ամեն դեպքում շարունակում են նույն ոգով։

Ամենևին էլ պատահական չէր, որ Արցախի Անվտանգության խորհուրդն այսօր նիստ հրավիրեց և արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանի նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում՝ ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:

«Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից, և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից»,- ասված է Արցախի ԱԽ հայտարարությունում։

Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի, կարծես չգիտեր, թե ինչ է որոշել Արցախի ժողովուրդը։

Այսօր Արցախի ԱԽ-ն ևս մեկ անգամ վերահաստատեց այն, ինչ «չգիտեր» Նիկոլ Փաշինյանը։

Ավանդույթի համաձայն, Փաշինյանի ասուլիսի աղմկահարույց և զավեշտալի հատվածները շատ են, որոնցից մեկն այն էր, երբ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ արդյոք Ռուսաստանից կա՞ն պաշտոնական և ոչ պաշտոնական ճնշումներ՝ միանալու, այսպես կոչված, Միութենական պետությանը, որի մասին վերջերս խոսել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ինչպես Արմեն Գրիգորյանի հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր ընդգծել, Նիկոլ Փաշինյանն էլ նախօրեին նշեց, որ Հայաստանը պաշտոնական առաջարկ չի ստացել Ռուսաստանի կողմից միութենական պետության կազմ մտնելու մասին։

Ըստ նրա, ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունն ու անկախությունը բացարձակ արժեքներ են։

«Մենք մեր պարտքը և պարտականությունն ենք համարում մեր հայրենիքի հարատևության ապահովումը»,- ասաց նա։

Եվ խոսելով ոչ պաշտոնական խողովակներով այդ հարցը Երևանին հասցնելու մասին, Փաշինյանը նաև նշեց, որ «ոչ պաշտոնական խողովակ» ասելով՝ տարբեր բաներ կարելի է պատկերացնել, ինչպես, օրինակ՝ փորձագետների առումով շարունակաբար զարգացող խոսակցություններն էլ կարելի է համարել ոչ պաշտոնական խողովակներ, շփումներն էլ։ Եվ Փաշինյանի ենթադրությամբ, ԱԽ քարտուղարը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է Ռուսաստանի կողմից ճնշումների մասին, հիմք ընդունելով փորձագիտական կարծիքները։

Այս դեպքում ՀՀ իշխանությունները երևի թե նկատի ունեն ռուսաստանցի փորձագետներին, որոնք պետք է որ շահագրգռված լինեին միութենական թեման ՀՀ-ում զարգացնելու հարցով, և ովքեր էլ, ենթադրվում է, Ռուսաստանից ճնշում են Երևանին՝ միանալ միութենական պետությանը։

Թերևս հետաքրքիր կլիներ նաև այն, որպեսզի ՀՀ իշխանությունները հստակեցնեին՝ հատկապես ո՞ր փորձագետն է «ճնշել», քանի որ ամենօրյա ռեժիմով հարցազրույցներ ունենալով ռուս վերլուծաբանների հետ, հետևելով ռուսական մեդիատիրույթի հրապարակումներին՝ չենք նկատել որևէ հրապարակում, մեկնաբանություն այս թեմայի լոբբինգի ուղղությամբ։

Ավելին՝ ՌԴ-ում հեղինակավոր մի շարք վերլուծաբանների կարծիքներով, Մոսկվայի համար Երևանի՝ Միութենական պետությանը միանալու հեռանկարն ամենևին գայթակղիչ չէ և ենթադրում է Մոսկվայի կողմից նորանոր պարտավորություններ Երևանի հանդեպ, որը Մոսկվան չի ցանկանա ստանձնել այս փուլում։

168am-ի հետ զրույցում մի շարք ռուս վերլուծաբաններ նույնիսկ անլուրջ համարեցին անդրադառնալ նմանատիպ պնդմանը։

«Իսկապե՞ս նման բան է ասվել։ Կներեք, բայց ես դա չեմ կարող մեկնաբանել, դա այնքան անլուրջ ու անմիտ է։ Ռուսաստանում կան հարյուրավոր վերլուծաբաններ, հարյուրավոր կարծիքներ։ Կամ՝ ե՞րբ է փորձագիտական կարծիքը, այն էլ՝ Ռուսաստանի նման երկրի դեպքում, հիմք միջպետական սկանդալ հարուցող պաշտոնական հայտարարություն անելու համար։ Ես դա չեմ մեկնաբանի, դա զավեշտ էլ չէ»,- ասաց մեր զրուցակից վերլուծաբանը, որը հորդորեց ընդհանրապես իր անունը չհիշատակել։

Ռուս քաղաքական վերլուծաբան, կովկասագետ Ստանիսլավ Տարասովն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ընդհանրապես ՌԴ-ն իր արտաքին քաղաքական մի շարք ակտուալ թեմաներ մի կողմ է դրել իր առաջնահերթ օրակարգից, որոնցից մեկն էլ միութենական պետության թեման է։

Ըստ նրա, միայն վերջին շրջանում նման քննարկումները կրկին ակտիվացել են Ռուսաստանի և Բելառուսի միջև։

Նա վստահեցնում է՝ Հայաստանի առնչությամբ որևէ կարծիք՝ ոչ պաշտոնական, ոչ էլ ոչ պաշտոնական մակարդակներում, չի խոսվում, իսկ փորձագետի կանխատեսումը, կարծիքը միջազգային հարաբերությունների պրակտիկայում պաշտոնական մեկնաբանության առարկա չէ։

«Ես այլ բան կասեմ, որ այս բոլոր հայտարարությունների, խնդիրների, հայ-ռուսական հարաբերություններում այս բոլոր Երևանի կողմից գեներացվող կրքերի պատճառն այն է, որ կան դժգոհություններ Մոսկվայից, ՀԱՊԿ-ից, իսկ Երևանը կարծում է, որ իր որոշ խնդիրներ կլուծի արևմտյան որոշ սուբյեկտների միջոցով։ Իսկ ես, արդեն մեկ տարի է՝ ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքականությունն Անդրկովկասում ավելի հստակ ուրվագծեր կունենա միմիայն Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հստակ ասել, թե ինչ ճանապարհով կգնա այս ռեգիոնում Ռուսաստանը, ինչ որոշումներ կկայացնի ու այդ որոշումների համար ինչ ռեսուրս կունենա։ Ու դա իսկապես այդպես է, ուստի որևէ փորձագետ, երբ չկա նույնիսկ պաշտոնական որևէ զարգացում, այդ ուղղությամբ չի կարող անել անհիմն կանխատեսումներ ու հատկապես, երբ բոլոր փորձագետները, ինչպես նաև միջազգային հանրությունը կենտրոնացած են մեծ խնդիրների վրա, և որևէ մեկը լրջորեն չի հետաքրքրվում Միութենական պետություն և ՀՀ հարաբերություններով»,- եզրափակեց նա։

Ամփոփելով՝ նկատենք, որ, իհարկե, միևնույն ժամանակ ուշագրավ և խիստ զարմանալի է այն հանգամանքը, որ Փաշինյանը, ով նշում է, որ ռուս խաղաղապահների հրամանատար Վոլկովի հետ հանդիպելու, հարցեր քննարկելու խնդիր չունի, քանի որ այդ հարցերը քննարկում է ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարի, այս դեպքում՝ Վլադիմիր Պուտինի հետ, ՌԴ-ից ճնշում է համարում փորձագիտական կարծիքները և նույնիսկ բարձրաձայնում այդ մասին։ Բայց պետք է նաև ընդունել, որ փաշինյանական իշխանության օրոք ոչինչ այլևս վաղուց չպետք է որ զարմացնի։

Ի դեպ, 168am-ի տեղեկություններով, ՌԴ դիվանագիտական շրջանակները վաղուց լուրջ չեն ընդունում նմանատիպ հայտարարությունները, լուրջ չեն ընդունում ոչ ՀՀ իշխանությունների հակառուսականությունը, ոչ արևմտամետությունը, հետևաբար, որքան էլ ցավալի է՝ կա որոշում՝ ամենաաղաղակող թեմաներին անդրադառնալ հումորով, թեթև և առանց հավելյալ «զգացմունքայնության» ու լարվածության։

Տեսանյութեր

Լրահոս