«Մտահոգություններ կան, բայց ամեն ինչ նորմալ է, բնակիչները ոգեշնչված են, բնականոն կյանքը տեղը տեղին ընթանում է»․ Խաչենի համայնքապետ
«Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի ղեկավար Վրեժ Ստեփանյանը՝ անդրադառնալով ուղիղ 1 ամիս թշնամի Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ պահելու հանգամանքին։
Բնականաբար, փակ ճանապարհը որոշակի դժվարություններ առաջացրել է, բայց դրանց մասին համայնքի ղեկավարը գերադասեց չխոսել․
«Ճիշտ է, մտահոգություններ կան, բայց եկեք այդ մասին չխոսեմ։ Սաղ նորմալ է, բնակիչները ոգեշնչված են, բնականոն կյանքը տեղը տեղին ընթանում է»։
Ճշտող հարցին՝ արդյոք օպերատիվ շտաբի կողմից առաջին անհրաժեշտության ապրանքներ տրամադրվե՞լ են Խաչեն համայնքին, Վրեժ Ստեփանյանը պատասխանեց.
«Դրա կարիքը դեռ չունենք, ամեն ինչ նորմալ է , ամեն ինչ կա»:
Խաչենի համայնքապետը վստահեցրեց, որ համայնքում վախի, խուճապի մթնոլորտ չկա, կյանքը բնականոն ձևով շարունակվում է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։