«Փաշինյանը հասկացրեց՝ ինքը կամ կինն են գրում ՔՊ պատգամավորների ելույթները». Աշոտ Անդրեասյան

«Փաշինյանի այսօրվա ասածները նորություն չէին, նա բազմիցս տարբեր հարթակներից հայտարարել է, որ Արցախը պետք է ինքը իր խնդիրը լուծի: Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, այսօր ասաց, որ Արցախի իշխանությունները պետք է իրենք հասկանան Ադրբեջանի հետ, թե իրենց իրավունքները ինչպես պետք է չոտնահարվեն, ինչպես պետք է ապրեն: Այսինքն՝ նա ձեռքերը լվացել է Արցախից, և դա մեզ համար նորություն չէր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը:

Նա նշեց, որ Փաշինյանն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որը բոլորի օգտին է՝ բացի Հայաստանից, բայց նույնիսկ մաքսիմալ կորուստներով հայկական կողմը չի կարողանում այդ իրավիճակը հանգուցալուծել. «Նիկոլ Փաշինյանը կարողանում է բոլորին շատ լավ խաբել, սակայն ադրբեջանական բանակը, ռուս դիվանագետները և ՌԴ նախագահը Հայաստանի ժողովուրդ չէ, որ ինչ ուզենա՝ նրանց հետ անի, և դրանից տուժում են Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը»:

Թեպետ կառավարության 2021թ. ծրագրում ամրագրված է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորն էլ Ռուսաստանի Դաշնությունն է, հետևաբար, եթե Հայաստանը կարողանար իր անվտանգությունն ապահովել, չէր ասի՝ ՌԴ-ն է մեր անվտանգության երաշխավորը:

Կարդացեք նաև

Աշոտ Անդրեասյանից հետաքրքրվեցինք՝ 30 տարի շարունակ Հայաստանն ինչպե՞ս էր կարողանում երաշխավորել Արցախի անվտանգությունը, ի՞նչ փոխվեց:

«Առհասարակ, Նիկոլ Փաշինյանն այսօր բոլորիս հասկացրեց, որ բոլոր այն պատգամավորները, որոնք հակահայ, հայատյաց, պետականությանը, պատվին դեմ հայտարարություններ և արտահայտություններ են անում, ինքը կամ իր կինն են գրում տալիս նրանց, որովհետև, երբ լրագրողը նրան հարց տվեց, որ՝ ձեր պատգամավորներից մեկն ասել է, որ նույնիսկ ՀՀ անվտանգությունը դուք չեք կարող ապահովել, Նիկոլ Փաշինյանը դա չժխտեց, և ասաց, որ այդ պատգամավորը, մեծ հաշվով, ճիշտ է ասել, որովհետև մեր անվտանգության երաշխավորն էլ Ռուսաստանն է: Դու ինչքան էլ փոքր, տնտեսապես թույլ զարգացած պետություն լինես, ինչքան էլ քո բանակը լինի ուժեղ կամ թույլ, ցանկացած պետության անվտանգության երաշխավորը իր երկրի ղեկավարն է, իր դիվանագետներն են, իր բանակն է ու իր ժողովուրդն է: Փաշինյանի այսօրվա ասածը թուլամորթ անձնավորության, կզած, պարտված ղեկավարի հայտարարություն է, որով նա հող է նախապատրաստում նոր զիջումների, նոր հակահայ փաստաթղթի ստորագրման համար»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս