Նիկոլ Փաշինյանը, ըստ իս, փորձում է ուղիղ բախում հրահրել ՌԴ-ի հետ. Կարեն Վրթանեսյան
168.am-ն օրերս անդրադարձել էր ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը, որով տեղեկացնում էին՝ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։
Նիկոլ Փաշինյանը սակայն, այսօր ասուլիսում տեղեկացրեց, սակայն, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր հայտնել է. «ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում, և այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայնդեպս այս տարի, չեն կայանա»:
Սա դեռ ամենը չէ՝ նա նաև նկատել է, թե վերջին շրջանում Ադրբեջանն արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է ՀՀ և ՌԴ համատեղ ագրեսիվ գործողությունների նախապատրաստման մտավախություններով:
Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ մանրամասնել է. «Բոլորս գիտենք, որ, բնականաբար, աբսուրդ է այդ մասին խոսելը, բայց մյուս կողմից՝ նաև Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, և Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ Արևմուտքում այդ խոսույթն է զարգացնում:
Եվ մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա, արձանագրելով, որ նրանց չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար, և մենք այս փաստերից, բնականաբար, հետևություններ չենք անում, առայժմ արձանագրում ենք այս փաստերը»:
168.am-ը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում նման հայտարարությունները հատկապես այն համատեքստում, երբ այսօր շրջափակված է Արցախը, իսկ արցախահայության անվտանգության երաշխավորը շարունակում է մնալ ռուս խաղաղապահը:
Ի պատասխան՝ Կարեն Վրթանեսյանը նշեց. «Եթե դիտարկում ենք Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ամիսների հայտարարությունների, գործողությունների ամբողջական կոնտեքստը, ես սա ընկալում եմ՝ որպես Ռուսաստանի հետ հրահրվող բախում: Նիկոլ Փաշինյանը, ըստ իս, փորձում է ուղիղ բախում հրահրել ՌԴ-ի հետ:
Ինչ վերաբերում է նրան, թե Ադրբեջանն Արևմուտքում ինչպես է ներկայացնում բազայի ներկայությունը՝ սա նույնն բանն է, որ մեկը գնա-ասի, թե՝ իմ թշնամին ասում է՝ քանի որ տղամարդ եմ, ուրեմն բռնարար եմ, ուրեմն եկեք սեռը փոխենք, որ բռնարար չասեն: Մոտավորապես այդ կարգի աբսուրդ տրամաբանություն է»: