Նիկոլ Փաշինյանի վտանգավոր մոլորությունը
Նիկոլ Փաշինյանի ասուլիսի՝ Լաչինի միջանցի փակման խնդրին վերաբերող հիմնական ուղերձը մեկն էր՝ «մենք փաս», այսինքն՝ Հայաստանը որևէ քայլ չի կարող կատարել ճանապարհի բացման համար։
Իր այդ մոտեցումն արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանն ամենատարբեր դրսևորումներով հղում կատարեց 2020 թվականի նոյեմբերի 9–ի փաստաթղթին, բազմաթիվ այլ իրողությունների։ Սակայն, անկախ հղման աղբյուրների բազմազանությունից՝ նրա ասելիքը մեկն էր, որը նույնիսկ ներկայացրեց առանց ավելորդ ձևականության՝ Լաչինի միջանցքի հետ կապված «Հայաստանի Հանրապետությունն անելիք չունի»։
Տպավորությունն այնպիսին էր, որ ընդհանրապես այդ ասուլիսը հրավիրելու գլխավոր նպատակը հենց դա էր՝ ևս մեկ անգամ, համալիր ու համապարփակ կերպով ներկայացնել, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծված իրավիճակում անելիք չունի։
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն իր պատասխաններում մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով Հայաստանի այդ մոտեցումը հիմնավորեց լեգիտիմությամբ։ Այդ հարթությունում, լեգիտիմության հարթությունում Նիկոլ Փաշինյանի փաստարկը գրեթե անխոցելի է․ այո, կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որով Ադրբեջանն ու Ռուսաստանը պարտավորություն ունեն ապահովել Լաչինի միջանցքով անխափան երթևեկությունը, Հայաստանը ֆորմալ առումով այդ հարցում պարտավորություն չունի։ Բայց խնդիրն այն է, որ սա ոչ միայն և թերևս ոչ այնքան իրավացիություն է, որքան մեծագույն մոլորություն։
Նիկոլ Փաշինյանը ստեղծված քաղաքական, աշխարհաքաղաքական, հումանիտար ճգնաժամում առաջնորդվում է, Հայաստանին դիրքավորում է բացառապես իրավական, եթե կարելի է ասել, լեգալիստական սկզբունքով՝ ըստ էության, երկրորդական, երրորդական պլան մղելով խնդրի քաղաքական կողմը։ Այն դեպքում, երբ միջազգային հարաբերություններում ու հակամարտային իրավիճակներում՝ ընդհանրապես, Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունում՝ մասնավորապես, անցքերն իրենց վրա կրում են առաջին հերթին քաղաքական գործոնների, դրանցով պայմանավորված ուժային հարաբերակցության ազդեցությունը, և միայն դրանից հետո՝ խնդիրները տեղափոխվում են իրավական հարթություն։
Ավելին, որպես կանոն՝ իրավական, կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ լեգիտիմ հիմքերը ծառայեցվում են հենց քաղաքական խնդիրների լուծմանը և ոչ թե քաղաքական հարաբերություններն են համապատասխանեցվում իրավական իմպերատիվներին։
Դա գուցե անարդար է, անաբարո է, տմարդի է, բայց հենց այդպիսինն է միջազգային հարաբերությունների չգրված, բայց ֆորմալ կառուցակարգերից ավելի ազդեցիկ օրենքը։
Ահա այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն իրեն ու Հայաստանի Հանրապետությանը դուրս դնելով քաղաքական հարթությունից՝ դրոշակ է դարձրել խնդրի իրավական, լեգալիստական կողմը և առաջնորդվում է այն սկզբունքով, որ կարևորը՝ ամեն ինչ լինի լեգիտիմ։
Ընդ որում, նա ոչ ուղղակիորեն, սակայն ենթատեքստային զուգահեռներ է կատարում Ադրբեջանի կողմից ավելի քան քսան տարի թմբկահարված ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք, կրկին ըստ Փաշինյանի ենթատեքստային ակնարկի, ի վերջո, հանգեցրեցին արցախյան վերջին պատերազմի ողբերգական ավարտին։
Նիկոլ Փաշինյանը, ահա, ցանկանում է հասկացնել, որ եթե մենք առաջնորդվենք միայն միջազգային օրենքներով, խնդրի իրավական, լեգալիստական բացարձակությամբ, ապա կարող ենք խուսափել նոր աղետներից։
Բայց Նիկոլ Փաշինյանը, գուցե կրկին ֆորմալիստական իմաստով լինելով իրավացի, գիտակցված կամ ոչ, մոռանում է նշել, որ այդ ավելի քան քսան տարիների ընթացքում Ադրբեջանի թմբկահարած ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևերը գործնականում չեն իրացվել հայկական կողմի ոչ միայն իրավական, այլ առավելապես քաղաքական հակազդեցության արդյունքում։
Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության պաշտոնական, լեգալիստական դիրքորոշումը շատ նման է իրավիճակի, երբ ծնողը պայմանագրային հարաբերություններով երեխայի խնամքին հանձնված դայակի կողմից երեխային սովի մատնելուց հետո փորձում է ոչ թե բոլոր հնարավոր միջոցներով կերակրել սեփական զավակին, այլ հղում է կատարում դայակի հետ կնքված պայմանագրին՝ հայտարարելով, թե երեխայի փրկության հարցում ինքն անելիք չունի։
Իրավական տեսանկյունից գուցե անթերի մոտեցում է, բայց բարոյական առումով արժանի է գնահատականի, որի հրապարակումը պատժվում է Քրեական օրենսգրքով։
Լեգիտիմությունը որպես սևեռուն գաղափար դարձրած Նիկոլ Փաշինյանի համար կարծես ավելի կարևոր է ոչ թե Արցախի կորստի ու Հայաստանի անկումների դադարեցումը, այլ, որպեսզի այդ կորուստն ու անկումները լինեն հատկապես ու առանձնապես լեգիտիմ։
Ասույթում ընկերովի մահն է հարսանիք, Նիկոլ Փաշինյանի համար՝ վախճանի լեգիտիմությունը։
Հարություն Ավետիսյան