Դիտորդական խմբերի Արցախ մուտքի պահանջը Ադրբեջանին քաղաքական ճնշման ենթարկելու լավագույն գործիքներից է. Արամ Սարգսյան
Արամ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՀՀ բարեկամ երկրները համարում են, որ Լաչինի միջանցքի փակումը հետևանք է Արցախի չլուծված հիմնահարցի և փորձում են համաձայնեցնել Ադրբեջանի հետ Արցախ մշտադիտարկման խումբ ուղարկելու խնդիրը, այդ թվում՝ բնապահպանական հարցերով։
Մշտադիտարկման խմբի գնահատականով է ՄԱԿ-ի խաղաղարարի կամ զսպող ուժի մանդատ տրվում։ ՄԱԿ-ը նման մանդատ կարող է տալ նաև տեղում կանգնած ռուսական ուժերին, բայց այդ դեպքում նրանք պետք է գործեն ՄԱԿ-ի կանոնադրությամբ և հովանու ներքո։ Բնականաբար, Ադրբեջանը, իմ կարծիքով՝ նաև Ռուսաստանը շահագրգռված չեն տարածաշրջանում նոր ուժերի հայտնությամբ։ Հետևաբար, Ալիևը, նման սցենարի ճնշումից ազատվելու համար, փորձելու է ԼՂ իշխանության հետ անուղղակի համաձայնեցնելով, միակողմանի դիտարկում անցկացնել Ծաղկաշենի հանքավայրում և, մետալուրգիական համալիրի չաշխատելու համաձայնություն ունենալով՝ բացել ճանապարհը։ Արցախ միջազգային դիտորդական խմբերի ազատ մուտքը և նրանց մշտադիտարկումը, պետք է դառնա ինչպես ՀՀ իշխանության և հանրության, այնպես էլ արցախահայության հիմնական պահանջ։ Միջազգային դիտորդական խմբերի Արցախ մուտքը մերժելուն տրամաբանական պատրվակ գտնելը անհնարին է և նման պահանջը ոչ միայն փակուղի է մտցնում Ադրբեջանի ԱԳՆ-ին, այլև էլ ավելի ակնհայտ է դարձնում նրանց ոչ կառուցողական լինելը և ռուսական դաշտում գործելը։
Դիտորդական խմբերի Արցախ մուտքի պահանջը Ադրբեջանին քաղաքական ճնշման ենթարկելու լավագույն գործիքներից է, որ բոլոր հարթություններում պետք է կիրառել։ Այլ մոտեցումների դեպքում էլ ճանապարհը, իհարկե, կբացվի, բայց կրկին փակվելը բացառված չէ։
Իսկ մեզ պետք են թե խաղաղության պահպանման, թե Արցախ-Հայաստան անխափան կապի երկարաժամկետ ու հաստատուն երաշխիքներ, որ կարող են տալ ՄԱԿ-ի մանդատով գործող միջազգային խաղաղարարները»: