Հայն անպայման հաղթելու է, հիմա մութ աշխարհի մեջ ենք, բայց սա վատ չէ` գործելու, ելքեր փնտրելու համար. Հեքիաթագիր
«2022 թվականն ինձ համար հեքիաթի, ուսումնասիրության ու բանալիներ փնտրելու, հայկական ժողովրդական հեքիաթներ կարդալու, դրանցով ուժեղանալու ու հիանալու տարի էր: Չկա լույս աշխարհ՝ առանց մութ աշխարհի: Չկա վախ, երբ չես վախենում: Չկա մահ, երբ տեսնում ես հակառակ կողմը: Մեր հեքիաթներում, մեր էպոսում, մեր ավանդույթներում ու ծեսում այնքան իմաստնություն կա: Պետք է տեսնել սովորել»,- մեզ հետ զրույցում ասաց հեքիաթագիր Արփի Մաղաքյանը:
Ամփոփելով անցած տարին՝ հեքիաթագիրը փոխանցեց, որ անցած տարի լույս աշխարհ է եկել իր երկրորդ գիրքը` «Արևի համբուրած Շուշին»:
«Նաև հսկայական աշխատանք տարանք նկարչիս հետ նոր հեքիաթագրքիս` «Արտավազդ արքա»-ի նկարազարդման գործում: Այս տարի հայը կվայելի չտեսնված սիրուն գիրք` իր Արտավազդ արքային ձոնված: Աստծո օգնությամբ կհաջորդի «Տիգրան Մեծ» հեքիաթագիրքը և մնացած հայ արքաներինն ու թագուհիներինը: Պետք է ճանաչենք մեզ: 2023-ը թող լինի հաղթանակի, հոգևոր ուժի, հեքիաթի տարի: Իմիջիայլոց, մարդիկ «հեքիաթ» ասելով՝ պատկերացնում են թեթև, հեշտ, ուրախ մի բան: Չէ՜: Հեքիաթի հերոսը պետք է անվախ, քաջ, պարզ սրտով լինի. հաղթահարի դժվարություններ, սև աշխարհներ ու նոր հաղթի: Ես հավատում եմ հազարամյակներ շարունակ հեքիաթում ու մագաղաթում գաղտնիքներ հյուսած հային»,- նշեց Արփի Մաղաքյանը:
Մեր դիտարկմանը՝ հեքիաթներում միշտ բարին հաղթում է չարին, արդյո՞ք այն այդպես էլ կմնա հեքիաթային, թե՞ իրական կյանքում էլ այդպես կլինի, որովհետև մենք՝ հայերս, լինելով խաղաղասեր, չգիտես ինչու՝ միշտ տուժում ենք այս կյանքում, կգա՞ մի օր, որ բարին կհաղթի, հեքիաթագիրը պատասխանեց.
«Հայն անպայման հաղթելու է: Հիմա մութ աշխարհի մեջ ենք, բայց սա վատ չէ` գործելու, ելքեր փնտրելու համար: Դևի քառսուն գլուխը կտրելու շրջան է: Ամուր լինենք ու վստահ զարկենք»:
Հիշեցնենք՝ 24 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: