Սերժ Սարգսյանն ամբողջությամբ կարողանում է կառավարել համակարգը. իրենց համար սա մեծ պրոբլեմ է. Նարեկ Սամսոնյան

«Այն, որ կիրառվում է հստակ, տեսանելի քարոզչական գիծ, ակնհայտ է, բայց չէի ասի՝ ինտենսիվությունն այդքան բարձր է: Իրենք դեռ ավելին կանեն ու անելու են ավելին: Երբ ժամանակը գա, ու մարդիկ ծանոթանան ՀՀ 3-րդ նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործերի հետ, ինչ որ սրանք սարքել են, մեղմ ասած, անգամ Հայաստանը ամենաշատը չսիրող մարդկանց համար, որոնք ատում են նախագահներին, Երրորդ նախագահին ևս, զավեշտալի են լինելու սրանց հիմարությունները: Ուղղակի ամոթ է, բայց դա ընդամենը շեղելու նպատակ ունի: Տեսան, որ չի ստացվում»,- 168.am-ի եթերում Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցի ժամանակ ասաց քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Ըստ նրա՝ իշխանությունները կիրառում են որոշակի քարոզչական օպերացիաներ:

«Հենց նույն 3-րդ նախագահի մասին էդ շարքը, որ սկսեցին. Դատավարությունը լուսաբանեցին, աղմկահարույց բաներ… Կարդում ես, տակը բան չկա: Անգամ իրենք չեն կարողացել տակը բան դնել, էնքան որ տակը բան չկա: Սա չաշխատեց, որովհետև նախ՝ հասարակությունն է արդեն հոգնել այդ ամեն ինչից, երկրորդ՝ որպես տեսարան էլ ներկայացնելու բան չունեին, բացի օդում կրակած հայտարարություններից»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա սևեռմանը, Նարեկ Սամսոնյանը նկատեց՝ իրենք լավ գիտեն, որ կարևորը ոչ թե երևալն է, այլ պրոցեսները կառավարելը, ինչը 3-րդ նախագահն ամբողջությամբ անում է:

Կարդացեք նաև

«Ուշադրություն որ դարձնեք, դա միայն իշխանական շերտերից չի գալիս: Պարբերաբար 3-րդ նախագահի նկատմամբ տարբեր, նաև ոչ իշխանական կենտրոններից լինում են տարատեսակ կսմիթներ, հարձակումներ: Տեղ-տեղ մարդիկ ասում են՝ մենք կապ չունենք: Դա հիմնականում պայմանավորված է լինում նրանով, որ 3-րդ նախագահը մինչև վերջ չլքեց քաղաքական խրամատը՝ իր իսկ ձևակերպմամբ, որը շատ հետաքրքիր ձևակերպում է»,- ասաց քաղաքագետը:

Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ եթե մի բանի անունը դնում ես խրամատ, այն լքելը դասալքություն է, և 3-րդ նախագահը խոստացավ, որ չի լքելու, ու արեց՝ հայտարարելով, որ որևէ պաշտոնի չի հավակնում:

«Ի տարբերություն շատ այլ մարդկանց, որոնք առաջնորդության հայտ են ներկայացրել և ներկայացնում են, 3-րդ նախագահն առանց առաջնորդության հայտ ներկայացնելու՝ իր քաղաքական թիմի առաջնորդն է: Եվ նրանք տեսնում են, որ 3-րդ նախագահը կարողանում է համակարգն աշխատեցնել: Ու տեսնում են, որ 3-րդ նախագահին տարատեսակ կոռուպցիոն գործերով հնարավոր չի լինում նեղը գցել, որովհետև այս մարդը դրա մեջ չի եղել, ի հակառակ նրա, որ նրան ներկայացրել են՝ որպես կոռուպցիոներ, թալանչի, հանցագործ»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) այս տարիների ընթացքում բյուրեղացավ. Հեռացան նրանք, ովքեր ոչ էլ պետք է լինեին ՀՀԿ անդամ:

«Ես, չլինելով ՀՀԿ անդամ, ինձ կարող եմ թույլ տալ սա ասել: Նորից եմ կրկնում՝ Սերժ Սարգսյանն ամբողջությամբ կարողանում է կառավարել համակարգը: Իրենց համար սա մեծ պրոբլեմ է, որովհետև մարդը, ով չունի քաղաքական հավակնություն, հայտարարել է, որ անձամբ չի ուզում որևէ պաշտոն ունենալ, մարդ, որին ներկայացրել էին ամենավերջին ձևով՝ մարդակեր, հանցագործ, մարդիկ տեսնում են, որ էս մարդը ոչ էն էր, ոչ էն էր, հիմա էլ ամենակայուն քաղաքական թիմի ամենակարևոր տեղում նստած՝ կառավարում է ոչ քաղաքական պրոցեսները: Քաղաքական դաշտում էլ դա լավ գիտեն ու իրական վտանգը հենց այդտեղ են տեսնում»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Վերջինս նկատում է՝ կան մարդիկ, ովքեր հերոսական անցյալ են ունեցել, լավ քաղաքական անցյալ են ունեցել, ունեն բավականին լավ համբավ, բայց համակարգային չեն, և դրա համար նրանց քաղաքական կապիտալը շուտ է փլվում:

«Ինձ համար ամենածիծաղելին այն է, որ ամեն հաջորդ հարձակումից հետո Երրորդ նախագահը քարոզչական առումով ավելի է ուժեղանում, ու նաև մարդիկ տեսնում են, որ այս մարդը չի ուզում վերադառնալ, բայց անում է ամեն ինչ, որ այս տականքները հեռանան: Իրենք շատ կուզեն, որ Սերժ Սարգսյանը հավակներ երկիրը ղեկավարելուն, որ ավելի խոցելի լիներ, բայց իրենք էլ գիտեն՝ Սերժ Սարգսյանը շախմատիստ է, դրանից պետք է զգուշանալ»,- եզրափակեց Նարեկ Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս