Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ ներկայիս տարածքը ևս պատկանում է Ադրբեջանին ու դրա վրա հայերն ապրում ու պետականություն ունեն «պատմական անարդարության» շնորհիվ․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե պատրաստ է Ադրբեջանի հետ տարածաշրջանային ապաշրջափակման և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթաց սկսելու, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ինստիտուցիոնալ բնույթ է ստանում «արևմտյան ադրբեջանի» պրոցեսը։
Ի՞նչ է սա նշանակում։ Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ ներկայիս տարածքը ևս պատկանում է Ադրբեջանին ու դրա վրա հայերն ապրում ու պետականություն ունեն «պատմական անարդարության» շնորհիվ։
Այս նոր գործընթացը չպետք է խառնել նախկինում Ադրբեջանի հնչեցրած այն հայտարարությունների հետ, երբ նշվում էր, որ օրինակ՝ Երևանը կամ Սևանա լիճը Ադրբեջանի պատմական հողերն են։
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ տարածքային պահանջները քարոզչական, բանակցային ճկունության բաղադրիչից վերածում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստման։
Այսինքն՝ Ադրբեջանն իր երկարաժամկետ նպատակներում ամրագրում է ՀՀ-ի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը և պլանավորում է դրան հասնելու քաղաքական, իրավական, պատմական, ռազմական հիմքերի նախապատրաստումը»։