«Արցախում այդքան մարդու փակի տակ մնալն անհանգստություն է, բայց մարդկանց մոտ ներքին ուժ կա, մտածում են, որ լավ է լինելու»․ Կոռնիձորի վարչական ղեկավար
«Չնայած, որ Լաչինի միջանցքը փակ է, այլընտրանքային ճանապարհի աշխատանքները Կոռնիձորի հատվածում ակտիվ փուլում են»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի վարչական ղեկավար Արշակ Կարապետյանը։
Հարցին, թե իրավիճակն այս պահին ինչպե՞ս է Կոռնիձորում, նա պատասխանեց․
«Անընդհատ ձգտում ենք, որ մարդկանց տրամադրությունը լավ լինի։ Ճիշտ է՝ ճանապարհը փակելուց հետո ընկճված ենք, քանի որ այդքան մարդու փակի տակ մնալն անհանգստություն է, բայց դե մարդկանց մոտ ներքին ուժ կա, մտածում են, որ լավ է լինելու, այդ հույսը կա, հույսով ապրում ենք»։
Արշակ Կարապետյանն ասաց, որ չնայած Լաչինի այլընտրանքային ճանապարհն իրենց գյուղի միջով է անցնելու, Աղավնոյի հանձնումից հետո ճանապարհի մոտ 2-3 կիլոմետրանոց հատվածը Կոռնիձորով է անցնում․
«Մոտավորապես 3 կիլոմետր հատված մեր գյուղի ներքևի տարածքով է անցնում, գյուղից մոտ 4-5 կիլոմետր հեռավորության վրա է։ Այս պահին ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են»։
Կարապետյանին հարցրեցինք՝ արդյոք կա՞ն մարդիկ, որ ճանապարհին էին մնացել և տեղավորվել են Կոռնիձորում՝ մինչև ճանապարհը բացվի, կարողանան հասնել տուն՝ Արցախ։
«Ճիշտն ասած՝ մարդիկ կան, որ մոտիկ, հարազատ ունեն այստեղ, այդպես են եկել մնում, այն էլ մի քանի հոգի եղել են, այս պահին չեմ կարող ասել՝ այստե՞ղ են, թե՞ գնացել են»,- պատասխանեց նա։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարությունից հետո, թշնամին առաջ եկավ նաև Կոռինձորի ուղղությամբ, այսօր գյուղը հակառակորդի դիտարկման տակ է, ուստի Արշակ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք թշնամին սադրանքների չի՞ դիմում․
«Մենք անմիջապես սահման ենք, փառք Աստծո, մեզ մոտ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Ճիշտ է՝ Հայաստանի ցանկացած կետում էլ, որ մի դեպք լինում է, այստեղ անհանգստություն է լինում, բայց մեր սահմաններում մինչ այս պահը որևէ միջադեպ չի եղել, անգամ սեպտեմբերի 13-14-ին։
Մեզ մոտ 2020 թվականի պատերազմից հետո են առաջացել, մինչև այդ մոտավոր 100 կիլոմետր հեռու են եղել, բայց հիմա անմիջապես գյուղի մոտ են, մարդկանց տներից 150-200 մետր են հեռու, ուստի պետք է միշտ զգոն լինենք։ Փառք Աստծո, մեր բնակիչները գիտակցում են ու դուրս չեն գալիս գյուղից, 1100 բնակչություն ունենք։ Միշտ զգոն պետք է լինենք ու հույսներս չկտրենք, որ ամեն ինչ լավ է լինելու»։