«Սա ցեղասպանությունից բեթար բան է»․ Տեղ համայնքի ղեկավար
«Ճիշտ է՝ թշնամու կողմից Լաչինի միջանցքի փակումը Տեղ համայնքում լուրջ խնդիրներ չի առաջացրել, բայց մենք մտահոգված ենք Արցախում ապրող մեր հայրենակիցների համար»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյոք կա՞ն քաղաքացիներ, որ Արցախ էին գնում և ճանապարհի փակ լինելու պատճառով տեղավորվել են Տեղ համայնքում․
«Ճանապարհին մնացած մարդիկ Տեղ համայնքում չկան, բոլորը հիմնականում տեղավորվել են Գորիսի հյուրանոցներում։ Մի քանի բեռնատար ավտոմեքենա կա գյուղում, որոնք Արցախ էին շարժվում, բայց արդեն քանի օր է՝ կանգնած են, վարորդները մեքենաների սրահներում էլ քնում են»։
Դավիթ Ղուլունցն ասաց՝ իրենց համայնքից մարդիկ կան, որ Արցախում շինարարական աշխատանքներ էին կատարում, և հիմա նրանք էլ չեն կարողանումմ վերադառնալ տուն․
«Կան մարդիկ, որ աշխատանքի բերումով գնացել էին Արցախ և հիմա չեն կարողանում վերադառնալ։ Իրենց հետ կապի մեջ ենք, որտեղ աշխատել են, որտեղ մնացել են, այդտեղ էլ շարունակում են աշխատել և մնալ…
Սա գենոցիդից բեթար բան է, արդեն որոշ բաներ չկան Արցախում… Հուսանք, որ մոտ օրերս ճանապարհը կբացվի»։
Սեպտեմբերին թշնամին կրակ էր արձակել Տեղ համայնքի ուղղությամբ, այսօր Դավիթ Ղուլունցից նաև հետաքրքրվեցինք, թե այսօր ինչ վիճակ է, վերջին շրջանում կրակոցներ եղե՞լ են, թե՞ ոչ․
«Կրակոցներ չկան, փառք Աստծո, նորմալ է։ Մեր պոստերը նորմալ, կանգնած են, համայնքում էլ խուճապ չկա ամենակարևորը»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։