«Նիկոլ Փաշինյանն Ալիևի վստահությունն ավելի շատ է շահել, քան Տավուշում ծնված Շահին Մուսաֆաևը, որը, ի տարբերություն Փաշինյանի՝ ՀՀ-ում համալսարան է ավարտել»․ Էդգար Ղազարյան
«Այսօր այս շենքում, այս կառավարության ղեկավարն ուղղակի մեղադրել է ռուս խաղաղապահներին իրենց պարտականությունները չկատարելու մեջ, եթե մինչև հիմա խաղաղապահների հասցեին հնչում էին քննադատություններ, այսօր հնչել է ուղիղ մեղադրանք»,- Կառավարության շենքի դիմաց «Համախմբում» շարժման հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի ճանապարհը փակ պահելու վերաբերյալ արված հայտարարությանը։
Ղազարյանի խոսքով՝ Փաշինյանի այդ հայտարարությունը պատասխանատվությունից խուսափելու անհաջող փարձ էր․
«Ես տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի կարդացել նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը, որովհետև այդ հայտարարության առաջին կետով՝ հայտարարության կողմեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, և այդ հայտարարության իրագործման պատասխանատուները՝ պարտավորությունների կատարման կամ չկատարման իմաստով Հայաստանն ու Ադրբեջանն են»։
Շարունակելով խոսել ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին, Էդգար Ղազարյանն ասաց
«Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է։ Չնայած այս շենքի վրա գրված է՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն, բայց իր ֆունկցիոնալ իմաստը Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունն է։ Հիմա եթե Ադրբեջանը լրիվ գրավի Հայաստանը, պետք է մի հատ ներկայացուցիչ նշանակի, մեծ մրցակցություն կարող է լինել Նիկոլ Փաշինյանի և Շահին Մուստաֆաևի միջև, որը շահել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ է շահել Իլհամ Ալիևի վստահությունը, քան Տավուշի մարզում ծնված, մեծացած մեկ այլ ադրբեջանամետ գործիչ՝ Շահին Մուստաֆաևը, որը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում նաև համալսարան է ավարտել»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են մեկ հոգու տեղափոխել Երևան՝ վիրահատելու նպատակով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում