«Գործողություններ կլինեն այն ժամանակ, երբ գործողությունների կդիմի այս ամենի պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանը». Մետաքսե Հակոբյան

10-րդ օրն է՝ Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպան ակտիվիստները  Հայաստանից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը փակելով՝ շրջափակման մեջ են պահում ողջ Արցախը։ Տասնյակ հիվանդներ, այդ թվում՝ երեխաներ, սպասում են ճանապարհի բացմանը՝ Հայաստան տեղափոխվելու և բուժում ստանալու համար, նրանց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բազմաթիվ ընտանիքներ բաժանված են երկու մասի, երեխաները մնացել են Արցախում, իսկ Հայաստան եկած ծնողները չեն կարողանում վերադառնալ նրանց մոտ։ 10 օր է՝ Արցախը գտնվում է հումանիտար աղետի մեջ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին և Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս գիշեր տեղի ունեցած նիստին, նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստը շատ ավելի խորն է դիտարկում՝ ոչ թե միանշանակ լավ կամ վատ։

«Ամեն դեպքում ողջունելի էր, որ այս հարցը քննարկվեց, և կարելի է ևս մեկ անգամ հիշատակել, որ հնչում էր Լեռնային Ղարաբաղ եզրույթը։ Այդ նիստում շատ մեսիջներ կային, որոնք ավելի խորքային ու հեռուն գնացող էին։ Եթե Ադրբեջանն ասում է, որ չկա Լեռնային Ղարաբաղ պետություն, որովհետև պատերազմով հարցը լուծվել է։ Մենք ՄԱԿ-ում լսեցինք, որ կա Լեռնային Ղարաբաղ։

Ընդհանուր առմամբ Եվրոպայի դիրքորոշումն էր զուտ կոչային, և ընկալելի չէ Միացյալ Նահանգների կողմից երկու կողմերին արվող կոչերը, որովհետև պետք է հստակեցում արվեր, թե ում նկատի ուներ՝ եռակողմ հայտարարության կողմերի՞ն նկատի ուներ, թե՞ այլ կողմերի։

Կարդացեք նաև

Այդուհանդերձ հնարավոր է, որ այդ նիստի արդյունքում լինեն գործողություններ և միջանցքի բացումը ստացվի»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ արցախցի պատգամավորի, մյուս կողմից էլ Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի օգնականը հայտարարեց, որ ՄԱԿ-ն այստեղ ներկայացված չէ, հետևաբար՝ չի կարող այլ գործողությունների դիմել։ Այս հայտարարությունը խորությամբ դիտարկելով՝ հասկանալի է դառնում, որ ամեն ինչ տանում է դեպի նրան, որ Արցախից հանեն ռուս խաղաղապահներին, ինչը միանշանակ վտանգավոր է և թույլ չպետք է տրվի։

«Եթե Հայաստանի իշխանության ղեկավարի արձագանքը չկա, պարզ էր, որ միջազգային հանրության արձագանքը երևի այսքանն էլ պետք է լիներ, որովհետև գործողություններ կլինեն այն ժամանակ, երբ գործողությունների կդիմի այս ամենի պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանը։

Ինձ համար անհասկանալի է, թե ինչու մինչև այժմ այդ եռակողմ հարթակում չի քննարկվել հարցը, կամ ինչու հանդիպում չի եղել, ինչը պետք է լիներ Հայաստանի ղեկավարի պահանջով։ Հույս ունենալով, որ դեկտեմբերի 26-ին պիտի տեղի ունենա ԱՊՀ  երկրների առաջնորդների հանդիպումը, պահանջում ու ակնկալում ենք, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգում պետք է մեկ հարց լինի՝ եռաչափ հայտարարության հստակեցումը»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորը տեղեկացրեց նաև, որ Արցախից այս պահին 13 երեխա բուժվելու համար շտապ Երևան տեղափոխվելու կարիք ունի, մեծանալու է այն մարդկանց թիվը, որոնք հատուկ բուժման ու դեղամիջոցի կարիք են ունենալու։ Հետևաբար՝ Արցախը պետք է ապաշրջափակվի, այլ ոչ թե մասնակի խնդիրներ լուծվեն։

Մետաքսե Հակոբյանը նաև փոխանցեց՝ Արցախ որևէ հումանիտար օգնություն չի մտել, դրա վերաբերյալ բոլոր տեղեկությունները կեղծ են։

«Մենք սննդի ու նման բաների խնդիր չունենք, բայց մեր խնդիրն առողջապահության հետ է կապված։ Չգիտեմ, թե ինչ օգնության մասին է խոսքը, գուցե ռուս խաղաղապահները հենց իրենք իրենց կարիքների համար են ինչ-որ բան տեղափոխել, բայց մենք որևէ հումանիտար աջակցություն չենք ստացել, դրա կարիքն էլ չկա, քանի որ խնդիրն անվտանգային հարցից կփոխվի հումանիտար դաշտ, որն այդպես չէ։ Հումանիտար խնդիրներ լուծելով, չի նշանակում, որ Արցախն ապաշրջափակվեց, Արցախը պիտի ապաշրջափակվի»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս