Ալյուրի պաշարները բավարար են, և հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան. զեկույց՝ Վարդանյանին
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:
Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ և արդեն իններորդ օրն է Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ: Պետնախարարն ընդգծել է նաև հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինելու կարևորությունը:
Առաջնային համարելով բնակչության բնականոն կենսագործունեության ապահովման հարցերը՝ պատնախարարը կարևորել է ի հայտ եկող նոր խնդիրների արագ արձագանքումը, դրանց լուծումների օպերատիվ քննարկումը:
Նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց պատասխանատվության ոլորտներում տիրող ընթացիկ իրավիճակը: Մասնավորապես տեղեկություններ են ներկայացվել պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզվառելիքի շուկաներում վիճակի մասին: Նշվել է, որ մշտապես դիտարկումներ են իրականացվում, խնդիրներն արձանագրվում են և փորձ է արվում դրանց արագ ու արդյունավետ լուծումներ գտնել:
Մասնավորապես զեկուցվել է, որ հանրապետությունում ալյուրի պաշարները բավարար են, և հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա պաշարներից նաև որոշ տեսակի ապրանքատեսակներ են տրամադրվել խանութներին:
Կարևորելով խնայողությունների իրականացումը՝ պետնախարարը հանձնարարել է պետական մարմիններին նվազագույնի հասցնել բենզինով շահագործվող ավտոմեքենաների թիվը՝ նախապատվությունը տալով գազով շահագործվող ավտոմեքենաներին:
Նիստի ընթացքում ներկայացվել է նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և այլ ենթակառուցվածքների ոլորտներում ընթացիկ իրավիճակն ու խնայողություններին ուղղված միջոցառումների իրականացումը:
Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։