«Անկախ ստեղծված վիճակից, որքան էլ վատ լինի, մեկ է՝ մենք նպատակն ունենք և հասնելու ենք դրան». Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար

Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանը շարունակում է փակ պահել:

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։ Հետադարձ կապ` 102, 911»,- նշված է Արցախի ՆԳՆ հայտարարության մեջ։

168.amի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն անդրադառնալով Ասկերանում ընդհանուր վիճակին ու  այս ընթացքում առաջացած խնդիրներին, նկատեց՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կանի Ադրբեջանը, արցախցին չի ընկճվում։

«Ընդհանուր առմամբ խուճապային տրամադրություն չկա, իրավիճակին համապատասխան՝ մարդիկ իրենց աշխատանքները կարգավորում են։ Բենզինն ու դիզվառելիքը խնայողաբար ենք օգտագործում։ Հետևում ենք գնաճին, որպեսզի գնաճ չլինի, բոլորն էլ իրավիճակը գիտեն ու ամեն ինչի պատրաստ են»,- նշեց Համլետ Ապրեսյանը։

Կարդացեք նաև

Ըստ Համլետ Ապրեսյանի՝ միշտ էլ ամեն ինչի պատրաստ են եղել։

«Անկախ ստեղծված վիճակից, որքան էլ վատ լինի, մեկ է՝ մենք նպատակն ունենք և հասնելու ենք դրան։

90-ականներին իրավիճակն այլ էր, հիմա այլ է, բայց ընդհանուր առմամբ նույն խնդիրները կան։ Կրկնում եմ՝ բնակիչները ոչ թե ընկճվում են, այլ ուժեղացել է իրենց նպատակին հասնելու կամքը, պատրաստ են ավելի դժվար պայմանների դիմանալ, որպեսզի հասնեն իրենց նպատակներին»,- նշեց Համլետ Ապրեսյանը։

Ինչ վերաբերում է սահմանին թշնամու սադրանքներին, Հ. Ապրեսյանը տեղեկացրեց, որ ընդհանուր իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս