ՔՊ-ի հայտարարության տեքստը «կանաչ լույս» է վառում Ադրբեջանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր արտահերթ նիստ, որի օրակարգում ՔՊ-ի ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծն է։
Նշենք, որ մինչ ընդլայնված նիստի գումարումը և ՔՊ-ի այս հայտարարության նախագծի քննարկումը, ԱԺ խորհրդի նիստում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն էին ներկայացրել հայտարարության նախագիծ, որն իշխանական խմբակցությունը մերժել էր։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ ընդլայնված արտահերթ նիստում հանդես գալով վարման կարգով, նշեց, որ երեկ ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել էին արտահերթ նիստ՝ Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
«Քիչ առաջ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստ, որտեղ մերժվեց ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությունները՝ արտահերթ նիստում քննարկել այն նախագիծը, որը մենք ենք ներկայացրել։ Հիմա ՔՊ-ի առաջարկած հայտարարության նախագիծն է քննարկվում, մեր գնահատմամբ, նման հայտարարություն ավելի լավ է չարվի, որովհետև սա ոչ միայն վնասում է Հայաստանին ու Արցախին, այլ օգնելու է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Հետևաբար, եթե նման հայտարարության անհրաժեշտություն կար, ապա դա կարող էր անել ՔՊ կուսակցությունը, այլ ոչ թե ԱԺ-ի անունից նման հայտարարություն ընդուներ։ Ելնելով այս իրավիճակից՝ մեր խմբակցությունը նիստին չի մասնակցելու»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս հայտարարեց, որ արտահերթ նիստին իրենց խմբակցությունը չի մասնակցելու։
«Սա միայն հումանիտար աղետի խնդիր չէ, փաստացի Հայաստանն ու Արցախը կանգնած են նոր պատերազմի ու նոր ցեղասպանության շեմին։ Ձեր առաջարկած օրակարգը չի համապատասխնում Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական իրավիճակին, այն հայտարարություններն ու մոտեցումները, որոնք դուք եք արտահայտում, որևէ ձևով չի կանխում վնասը, այլ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում