Լաչինի միջանցքի փակ լինելը աղետալի է հատկապես հաշմանդամություն ունեցող արցախցիների կյանքի եւ առողջության տեսանկյունից

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան իր մտահոգությունն է հայտնում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը միացնող միակ ճանապարհի՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման պատճառով։ Այս մասին ասվում է կոալիցիայի տարածած հաղորդագրությունում:

«Ճանապարհի ավելի քան մեկ օր փակ լինելը աղետալի է հատկապես հաշմանդամություն ունեցող արցախցիների կյանքի եւ առողջության տեսանկյունից։

Շրջափակման հետեւանքով հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղափոխումը Հայաստանի բուժհաստատություններ դարձել է անհնար։ Դադարեցվել են նաեւ դեղորայքի եւ անհրաժեշտ պարենի մատակարարումները։

Եղանակային ցուրտ պայմաններում ավելի քան հազար մարդ մնացել է ճանապարհին, իսկ գազի մատակարարումը՝ դադարեցվել:

Միջազգային կազմակերպություններից եւ դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալում ենք օգտագործել իրենց ազդեցությունը, դատապարտել Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված՝ արցախցիների մարդու իրավունքների զանգվածային այս խախտումը։

Հումանիտար կազմակերպություններին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց առաքելությանը եւ ցուցաբերել հրատապ օգնություն հաշմանդամություն ունեցող եւ չունեցող արցախցիներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից»,-նշվում է հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս