Բաժիններ՝

Ուղիղ եթերում երկու անգամ քաղաքապետը խոստացել է գալ ու զբաղվել խնդրով. Ֆիզգորոդոկում շինաշխատանքները շարունակվում են, բնակիչների պայքարը՝ նույնպես

168.am-ի հետ զրույցում Ֆիզգորոդոկ անունը ստացած գիտավանի բնակիչները հայտնեցին որ Երևանի քաղաքապետը խոստացել է այցելել իրենց, տեղում ծանոթանալու խնդրին, բայց խոստումն առայժմ չի կատարվել, խնդիրն էլ շարունակում է մնալ չլուծված:

«Անցած տարվա վերջից սպասում ենք քաղաքապետի այցելությանը: Քաղաքապետը, իհարկե, չի եկել ու որևէ կերպ կապ չի պահել բնակիչների հետ, չի զբաղվել մեր հարցով, թեև ուղիղ եթերում երկու անգամ խոստացել է գալ ու զբաղվել խնդրով»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ֆիզգորոդոկի խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում Պետական վերահսկողական ծառայությունում:

Թաղամասի բնակիչներն ավելի վաղ ահազանգել էին՝ հայտնելով, որ շաբաթը 6 օր՝ առավոտից երեկո, անտանելի աղմուկի ու դղրդոցի մեջ են ապրում: «Քաղաքապետարանը փոխանակ արձագանքի աղմուկի մասին ահազանգերին, ստուգի նորմերը, մտահոգվի հարակից շենքերի բնակիչների, հատկապես՝ տարեցների առողջությամբ, կառուցապատողին թույլատրել է շաբաթը 6 օր մինչև 20:00-ն ծանր տեխնիկայով շինարարություն անել: Պահանջում ենք անհապաղ վերանայել գործող պայմանագիրը և հարգել մարդկանց հանգստի իրավունքը»,- 168.amի հետ զրույցում ասել էին բնակիչները։

Կարդացեք նաև

Բնակիչները նշում են, որ ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածի համաձայն՝ գիտական հաստատությանը ծառայող և հանրային նշանակության, ինչպես նաև՝ ջրագծեր պարունակող հողատարածքը ենթակա չէ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից սեփականաշնորհման: Համաձայն գլխավոր հատակագծի՝ հողատարածքը հանդիսացել է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի սպորտային հրապարակը, այստեղով անցնում է ջրագիծ, որը վերջերս վնասվել է շինարարական աշխատանքներից:

Նորահայտ հուշարձան հայտարարված թաղամասի սահմաններն ապօրինաբար փոփոխվել են՝ դուրս թողնելով կառուցապատման համար տրամադրված հողատարածքը և վտանգելով ողջ հուշարձանի ամբողջականությունը: Ի հեճուկս քաղաքապետարանի ներկայացրած պայմանի, ըստ որի՝ կառուցապատողը հայտարարել էր, թե կպահպանի տարածքի կանաչ գոտին, հատվել են տասնյակ բազմամյա ծառեր:

Հավելենք, որ այդ տարածքում արդեն տրված է եղել 12 հարկանի շենքի շինթույլտվություն: ԿԳՄՍՆ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը՝ որպես նորահայտ հուշարձան, այնուհետև՝ 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորն այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Իսկ Քաղաքապետարանը պարտավոր է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքն ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:

Տեսանյութեր

Լրահոս