«Շուշիում տեղակայված են ադրբեջանական հատուկ ջոկատայիններ, որոնք պատրաստ են ավելի վտանգավոր քայլերի դիմել». Շիրազ Խաչատրյան

Դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական կեղծ պատրվակով, Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՌԴ խաղաղապահներն ավելի քան 3 ժամ բանակցություններ էին վարել ադրբեջանական կողմի հետ, ինչից հետո ճանապարհը բացվել էր։

Այդ ժամանակ 168.amի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն ասել էր, որ ադրբեջանցիների կողմից Շուշի-Քարինտակ ճանապարհահատվածի փակման գործընթացը կապված չէ միայն Արցախում ընդերքի շահագործման խնդիրների հետ և հիմքում լրիվ այլ հաջորդական քայլերի մի ամբողջ շղթա է։

«Ադրբեջանն այսպիսի քայլերով և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ հարցեր է փորձում լուծել։ Այսպիսի ակցիաները հենց այնպես չեն կարող կազմակերպվել, և իրականում ակցիան թշնամու հատուկ ծառայությունների կազմակերպած օպերացիաներից է։ Եթե կարճաժամկետում թշնամին փորձում է ահաբեկել արցախահայությանը, նաև հումանիտար ու տնտեսական աղետի առաջ կանգնեցնել երկիրը, ապա երկարաժամկետ պլաններում ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահ առաքելության ժամկետը չերկարացնելուն ուղղված խառը միջոցառումներ է ձեռնարկում՝ տարբեր սցենարային գործելակերպով,- նշել էր փորձագետը և հավելել,- Երկարատև ժամանակահատվածում փորձում են ռուս խաղաղապահ առաքելության գոտում բազմահատորանոց պրոբլեմների փաթեթ հավաքել՝ առաքելության ժամկետը չերկարաձգելու տարբեր պատրվակներ ստանալով։ Այնպես որ, առաջիկայում ևս Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների և Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների միջև հեռակա վեճերը շարունակվելու են»:

Եվ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, առավոտից դարձյալ փակ է Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհը: Ավելին, ադրբեջանցիներն այսօր վրաններ են տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիի հարակից հատվածում, և միտինգ կազմակերպել՝ փորձելով ամեն կերպ սադրել ռուս խաղաղապահներին:

168.amի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշեց, որ ադրբեջանական կողմը գնալով սրում է իրավիճակը:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը գնալով սրում է իրավիճակը, արդեն երկար ժամանակ ադրբեջանական կողմը տեղեկատվական դաշտ էր նախապատրաստում նմանատիպ սադրանքների համար: Հիմա ճանապարհին ոչ միայն, այսպես կոչված, բնապահպաններն են, այլ Շուշիում տեղակայված են նաև ադրբեջանական հատուկ ջոկատայիններ, որոնք պատրաստ են ավելի վտանգավոր քայլերի դիմել: Այդ ամենը նրանք հստակ փոխանցել են ռուսական կողմին, հստակ մեսիջներ են ուղարկել: Այսինքն, նրանք պատրաստ են է՛լ ավելի սրել իրավիճակը: Ադրբեջանական կողմը տարբեր սադրանքների սցենարներ ունի, եթե այս անգամ էլ խնդիրը հանգուցալուծում ստանա, միևնույն է՝ այլ սցենարներով սադրանքներ էլի սպասելի են: Ռուսների ձեռքերը, բնականաբար, կապված են, քանի որ կոշտ միջոցների դիմելով, ավելի կսրեն իրավիճակը, ինչից էլ օգտվում է ադրբեջանական կողմը՝ իր պայմանները թելադրելով»:

Տեսանյութեր

Լրահոս