«Պետք է սառնասիրտ լինել. Արցախի իշխանությունները ռիսկերը կառավարում են». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ և դրանով լարվածություն են ստեղծում Արցախում։

«Բնականաբար, ակնկալիքն այն է, որ այս լարվածությունը կտեղափոխվի նաև Հայաստան։ Կարծում եմ՝ պետք է լինել սառնասիրտ, իրենց ցանկությունները՝ իրենց ցանկություններն են, մեր նպատակները մնում են նույնը, անվտանգ կյանք մեր արցախցի հայրենակիցների համար և անվտանգության միջավայրի կառուցում Հայաստանի ու Արցախի անվտանգային տարածքում։ Այնպես որ, Կաշենի առիթը կլինի, թե մեկ այլ առիթ…»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը փակելուն և Մարտակերտի շրջանում հրահրած սադրանքներին։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, ադրբեջանցիների հրահրած խնդիրը լուծվել է ռուս խաղաղապահ ուժերի միջոցով, և նրանք ունեն խաղաղապահ առաքելություն՝ նման լարվածությունը չեզոքացնելու համար։

«Այնպես պետք է անենք, որ այդ լարվածության ժամանակը մենք էլ ճիշտ օգտագործենք, որպեսզի մեր անվտանգային միջավայրը վերականգնի իր ուժն ու բովանդակությունը։

Կարդացեք նաև

Ադրբեջանը միշտ էլ ունի ավելի մեծ ծրագրեր, ուրիշ բան է, թե մենք ինչքանով ենք պատրաստ դիմակայել նրա այդ ծրագրերին։ Եղել են ժամանակաշրջաններ, որտեղ մենք ոչ միայն դիմակայել ենք, այլև շատ հեռու ենք հետ շպրտել։ Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է մի բան իմանա, որ նման քայլերով ինքը ստիպում է, որպեսզի Արցախն ու Հայաստանն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա։

Թե ինչպե՞ս են ադրբեջանցիները կարողացել հասնել հանքավայր, կարծում եմ՝ այստեղ փոխհամաձայնեցված գործողություն է տեղի ունեցել, և դա ճիշտ է։ Կարծում եմ՝  Արցախի իշխանությունները պետք է կարողանան նման ռիսկերը կառավարել ու կառավարում են»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս