Բաժիններ՝

«Թուրքերի հերն անիծել ենք, ուղղակի զասադի մեջ ենք»․ 19-ամյա Արսենը զոհվել է Ջերմուկում

2022 թվականի սեպտեմբերի 14-ին Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված 19-ամյա Արսեն Վարդանյանի մարմինը դեպքից օրեր անց Կարմիր խաչի աշխատակիցներն են դուրս բերել և հանձնել հարազատներին։

Արսենը Սյունիքի մարզի Տեղ գյուղից էր, ընտանիքի կրտսեր որդին, իրենից մեծ 2 եղբայր ունի։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2021 թվականի հուլիսի 7-ին, մեկնել էր ծառայության՝ նախ Վանաձոր, ապա՝ Ջերմուկ։ Այդ ընթացքում, սակայն, հասցրել էր պաշտպանել նաև հարազատ Սյունիքի դիրքերը։

«2021 թվականի նոյեմբերին Սիսիանի՝ Նորավանի կռիվներին է մասնակցել, դիրք պահել, հետո նոր տեղափոխվել է Ջերմուկ։ Իրեն 10 ամիս էր մնացել, որ զորացրվեր, բայց․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի ավագ եղբայրը՝ Վաղարշակ Վարդանյանը։

Կարդացեք նաև

Նա պատմեց, որ դեպքից օրեր անց հանդիպել են եղբոր ծառայակից ընկերներին, հենց նրանք էլ որոշ մանրամասներ էին փոխանցել․

«Պատմում են, որ Արսենը մինչև վերջ պայքարել է, իր վերջին խոսքը եղել է այն, որ ծառայակից ընկերներին ասել է՝ դուք դուրս եկեք, ես կպահեմ դիրքը։ Այդ տղաները փրկվել են»։

Արսենը կռվի ժամանակ հասցրել էր և եղբոր և հոր հետ խոսել, ասել էր, որ շրջափակման մեջ է մնացել, սպասում է, որ օգնության հասնեն․

«Ինձ զանգեց, խոսեցինք, բայց չասաց, որ վիրավոր է, միայն ասաց՝ թուրքերի հերն անիծում ենք։ Իր զենքը պուլեմյոտ էր, ինձ հետ խոսելուց դա էր մաքրում, ասաց՝ կրակելուց «զասարենի» է եղել, մաքրում եմ։ Ասաց՝ թուրքերի հերն անիծել ենք, ուղղակի «զասադի» մեջ ենք, սպասում ենք՝ օգնության հասնեն, բայց այդպես էլ չեն հասել օգնության։ Վերջին անգամ հորս է զանգել՝ սեպտեմբերի 14-ի առավոտ, ասել է՝ ձեռքից վիրավոր եմ, դրանից հետո էլ կապ չի եղել․․․

Այդ ժամանակ ինքը թեթև վիրավոր է եղել, բայց որ գնացինք մարմինը բերենք, տեսանք՝ ուսից, դոշից, ոտքից վիրավոր է եղել, անօդաչուն է վերջին հարվածը տվել։ Դեպքը Ջերմուկի պոստում է եղել, որը հիմա թուրքերի ձեռքին է»։

Զոհված զինծառայողի եղբայրն ասաց՝ Արսենն ապագայի հետ կապված շատ պլաններ ուներ, բայց ծառայության մեկնելուց կարճ ժամանակ անց որոշել էր, որ պետք է իրեն նվիրի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին․

«Զորակոչվելուց կարճ ժամանակ անց ասաց՝ ուզում եմ պայմանագրային դառնամ։ Շատ էր սիրում բանակային կյանքը, իրեն դա դուր էր գալիս, իրեն ուզում էր նվիրեր զինվորական գործին,  հայրենիքի պաշտպանությանը»։

Արսեն Գարունի Վարդանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Տեղ գյուղի զինվորական պանթեոնում։

Հիշեցնենք, որ 168.am-ը, ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ 2022 թվականի սեպտեմբերին զոհված զինծառայողների մասին շարք է պատրաստել։

Տեսանյութեր

Լրահոս