«Սահմանին կուտակումներ կան. Ադրբեջանի հերթական հարձակումը կարող է լինել ողբերգական». Աննա Գրիգորյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի համար մեր երկրին պատուհասած խնդիրներն առավել կարևոր են, քան «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից իր դուրս գալու հարցը. կարծում է՝ այդ կուսակցությունից իր դուրս գալու դեպքում խոսքն ընդամենն աշխատանքային խնդիրների և տարաձայնությունների մասին է, բայց կարևոր է, որ ինքը՝ խորհրդարանում, իսկ Վահե Հակոբյանը՝ խորհրդարանից դուրս, շարունակում են աշխատել հանուն այն գաղափարի, որի հիման վրա էլ ձևավորել է այդ կուսակցությունը։

Այսպես մեկնաբանեց կուսակցությունից իր դուրս գալու շուրջ տարածվող խոսակցությունները Գրիգորյանը 168 TV-ի հաղորդաշարի եթերում։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնում Նիկոլ Փաշինյանին իր նախկին թիմակիցների դիմակը պատռելու հնարավորություն տալու համար, Գրիգորյանը պատասխանեց.

«Չգիտեմ՝ Վահե Հակոբյանն ինչու է շնորհակալ Նիկոլ Փաշինյանին, պնդում եմ՝ այդ հայտարարությունն ինձ առնչվել չի կարող, իսկ թե ինչու է Վահե Հակոբյանը շնորհակալ Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ, ճիշտ է, որ Հակոբյանն անձամբ պատասխանի»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով՝ ինքը բացարձակ չի մտածում, թե ի՞նչ կասեն կուսակցությունից դուրս գալուց հետո իր մասին, որովհետև իր համար կարևորն այլ հարց է։

Կարդացեք նաև

«Ես կլինեմ շատ անկեղծ, բացարձակ չեմ էլ մտածում այդ մասին. ես հիմա մտածում եմ՝ մենք Սյունիք, Արցախ, երկիր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ, հետևապես, այդ հարցերն ինձ անձամբ չեն հուզում, ես ունեմ պատասխանատվություն և դա անում եմ, և թե վաղն ինչ կլինի իմ անձնական կյանքում, ինձ չի հետաքրքրում»,- ասաց Գրիգորյանը։

Խոսելով Սյունիքում տիրող իրավիճակի մասին՝ սյունեցի պատգամավորն ասաց, որ ցավալիորեն Սյունիքում բոլոր ռազմավարական բարձունքները գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ. թշնամու կողմից վերահսկվում է ոչ միայն Մ2 միջպետական ճանապարհը, այլ նաև այն այլընտրանքային ճանապարհը, որը կառուցվեց։

«Սահմանին կուտակումներ կան. Ադրբեջանի հերթական հարձակումը կարող է լինել ողբերգական»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս