«Ադրբեջանը փորձում է իր կենսական մակարդակը բարձրացնել մեր գոյություն չունենալու հաշվին»․ Անժելա Էլիբեգովա
«Ադրբեջանական հակահայկական քարոզչությանն ավելի շատ օգնող, քան Հայաստանի ներկայիս իշխանություններն են, գոյություն չունի»,- այսօր «Հայկական օրակարգ. ինչպե՞ս դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
Խոսելով Ադրբեջանի հասարակության իլյուզիաների մասին, Էլիբեգովան նշեց, որ Հայաստանի համար ամենախնդրահարույցը հայի դեմոնիզացված կերպարի ընկալումն է, որը հայատյացության հիմքն է, և որի վրա ձևավորվում է ադրբեջանցու՝ որպես քաղաքացի, ինքնագիտակցությունը․
«Մեզ համար ամենավտանգավոր և խնդրահարույց բաղադրիչը պետական քարզչության աշխատանքն է, որ հայի կերպարի մասին այդ իլյուզիաներն ադրբեջանական հասարակության մեջ ստեղծում, աճեցնում, բազմացնում է և քաղաքացուն որևէ շանս չի տալիս այդ քարոզչության մսաղացից։
Նրանք շարունակելու են ատել հայերին և փորձելու են զավթել ոչ միայն մեր բնակության արեալը, այլև ռեսուրսները՝ հանքային ռեսուրսներ, ջրային ռեսուրսներ, անտառային ռեսուրսներ։ Շատ պարզ բան են իրենք անում, փորձում են իրենց կենսական մակարդակը բարձրացնել մեր՝ այստեղ գոյություն չունենալու հաշվին, և այդ նպատակին հասնելու համար գնալու են մինչև վերջ, որովհետև իրենք ուզում են լավ ապրել, իսկ լավ ապրելուն խանգարում ենք մենք, իրենք անելու են ամեն ինչ, որ մենք այստեղ չլինենք։ Շատ պարզ բանաձև է, ու դժվար է դա չհասկանալ․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում