Բրյուսովի ռեկտորը վերընտրվեց
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ում ավարտվեց ռեկտորի ընտրությունը: Գործող ռեկոտր Կարինե Հարությունյանը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12:8 հարաբերակցությամբ։ Այս մասին 168.am-ին հայտնեցին համալսարանից:
Կար երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Ռեկտորի ընտրությունն իրականացվել է հոգաբարձուների խորհրդի կողմից. նախագահը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն է:
Հավելենք, որ «Հայկական ժամանակ»–ը երեկ գրել էր, որ իրենց տեղեկություններ են հասել, որ Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում գործ է քննվում իրավապահ մարմիններում: Համալսարանն անդրադարձել էր հոդվածին՝ նշելով, թե հոդվածում խեղաթյուրված փաստեր են ներկայացված։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է ստուգումներ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում և ստուգման արդյունքների մասին տեղեկանքը համալսարանը դեռևս պաշտոնապես չի ստացել։ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ստուգումների արդյունքների մասին տեղականքը ստանալուց հետո, համաձայն կարգի, մենք 5-օրյա ժամկետում կտանք համալսարանի կարծիքը և մանրամասն կանդրադառնանք յուրաքանչյուր կետի։
Ռեկտորի ընտրության նախաշեմին հատուկ ուղղորդված և սխալ տեղեկություններ են տրամադրվել: Գտնում ենք, որ այս ընթացքում ռեկտորը ֆինանսական չարաշահումներ թույլ չի տվել, և սա նպատակադրված քայլ է՝ ընտրություններին ընդառաջ բացասական իմիջ ստեղծելու գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի անձի շուրջ»,-ասված էր հաղորդագրության մեջ: