«Կա՛մ վախեցնում են, կա՛մ ամրանում». Ներքին Հանդի վարչական ղեկավարը՝ ադրբեջանական կրակոցների մասին
Դեկտեմբերի 8-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ժամը 20:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հարևանությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով հայկական կողմը կորուստներ չի ունեցել։
168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ կրակոցների հետևանքով գյուղը վնասներ չի կրել, կրակոցներն ուղղված են եղել դեպի հայկական դիրքերը, միայն կրակոցների ձայներն են լսվել գյուղում։
«Կրակոցները դիրքերին է եղել, բայց դե, որ դիրքերին հասնում է, նույնն է, որ գյուղին հասնեն, իրար մոտ են։ Բայց փառք Աստծո, այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է։
Վերջին շրջանում գյուղի ուղղությամբ այնքան են կրակում, որ կարելի է ասել՝ սովորական բան է դարձել, բայց այնպես էլ չէ, որ կրակեն ու անհանգստություն չլինի»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը։
Ներքին Հանդի գյուղապետի կարծիքով՝ թշնամին հավանաբար նման կրակոցներ արձակելով՝ մի քանի նպատակ է հետապնդում.
«Կա՛մ վախեցնում, կա՛մ ամրանում են, ի՞նչ իմանանք, թե ինչ է կատարվում իրենց դիրքերում»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի սկզբին թշնամին Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ կրկին առաջ էր եկել և դիրքավորվել, այդ ժամանակ թշնամին գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա էր, այս պահին դժվար է ասել, թե գյուղից որքան է հեռու։
Ի դեպ, Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանի հրամանով, երբ հայկական զորքը Սյունիքում հետ քաշվեց զբաղեցրած դիրքերից, 4 տասնյակի հասնող համայնքներ դարձան սահմանամերձ, թշնամու դիրքերն այդ բնակավայրերից գտնվում են՝ 150, լավագույն դեպքում՝ 300 մետր հեռավորության վրա։