Թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ Հայաստանի ու Իրանի դեմ. Ի՞նչ տրամադրություններ են խորանում Իրանի շուրջ
Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին հերթական լայնամասշտաբ զորավարժությունները «Եղբայրական բռունցք» կարգախոսով՝ այս անգամ զորավարժություններին հաղորդելով հավելյալ կարևորություն զորավարժությունների մասնակիցների պարգևատրումներով, բարձրաստիճան հեռախոսազանգեր-շնորհավորանքներով ու զորավարժությունների անցկացման վայրում երկու երկրներից բարձրաստիճան զինվորական ներկայությամբ: Զորավարժությունները տեղի էին ունենում Բաքվում, ինչպես նաև Աստարայի, Ջեբրայիլի և Իմիշլիի շրջաններում:
Դրանց հետևելու նպատակով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարից բացի, Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի ամբողջ զինվորական վերնախավը՝ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Մուսա Ավսևերը, օդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աթիլա Գյուլանը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենթ Թաթկիօղլուն, բարձրաստիճան այլ սպաներ և Ադրբեջանի բանակի ղեկավարները: Ըստ ԶԼՄ-ների՝ զորավարժություններին մասնակցում են տարբեր տիպի զորքերի ստորաբաժանումներ՝ հետևակ, օդուժ, ինժեներներ, սակրավորներ, հատուկ տեխնիկա:
Ավելին՝ Էրդողանը և Ալիևը հեռախոսով շնորհավորել են զորախաղերին մասնակցող զինծառայողներին, Թուրքիայի նախագահի ուղերձը նրանց հասցնելու համար նախարար Աքարը հեռախոսը մոտեցրել է բարձրախոսին: «Դուք ուժ տվեցիք բարեկամներին և վախ առաջացրեցիք թշնամիների մոտ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը թուրք և ադրբեջանցի զինծառայողներին և հավաստիացրել, որ «բանակների եղբայրությունն անխախտելի է»:
Թուրք-ադրբեջանական մամուլը չի էլ թաքցնում, որ զորավարժությունները Հայաստանի ու նաև Իրանի դեմ են, որը վերջերս զորավարժություններ էր անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ դրանով հարուցելով Բաքվի ռեժիմի հիստերիան:
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման մեծ շուքով զորավարժություն անցկացնելը թույլ է տալիս ենթադրել, որ ուժի ցուցադրման թիրախը ոչ այնքան Հայաստանն է, որքան Իրանը: Ըստ նրա, վերջին շրջանում ադրբեջանաիրանական հարաբերությունների լարվածությունն ակնհայտորեն շարունակում է աճել, որի գլխավոր պատճառն Իրանի աջակցությունն է ՀՀ տարածքային ամբողջականությանը և հստակ դեմ դիրքորոշումը միջանցքներ բացելու մտադրություններին, որի համար Իրանը և ռազմական ուժ ցույց տվեց, և նոր հյուպատոսարան բացեց ՀՀ-ում, և ակտիվացրեց ռեգիոնալ դիվանագիտությունը:
«Վստահաբար, Իրանի դեմ նման վստահ մանևրների պատճառը նաև Արևմուտքի վերջին շրջանի կոշտ հակաիրանական դիրքավորումն է, որը ոգևորում է Ադրբեջանին: Բացի այդ, Իսրայելի ներկայությունը Իրանի հարևանության գոտում աճում է, այդ թվում՝ Ադրբեջանում, դա ևս Ադրբեջանի ու Իրանի արտաքին քաղաքական որոշումների վրա ազդող գործոն է: Սա Մոսկվայի վրա ազդող գործոն է նաև, քանի որ Թեհրանն ու Մոսկվան ուկրաինական ճակատին զուգահեռ՝ խորացնում են իրենց ռազմաքաղաքական հարաբերությունները, ինչպես նաև դաշինքը Հարավային Կովկասում, ինչը նշանակում է, որ Թեհրանի դեմ քայլերը պետք է մտահոգեն նաև Ռուսաստանին: Բայց այն, որ Թեհրանի դեմ լուրջ լարում է կուտակվում, ու դա վտանգավոր է, միանշանակ է, այս դեպքում Հարավային Կովկասում եղած խնդիրները շատ փոքր խնդիրներ կարող են թվալ»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:
Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ՝ այո, զորավարժությունները նաև նպատակ ունեին որոշակի ուղերձներ փոխանցել Իրանին, և որպես պատճառ՝ ներկայացվում էր, թե Իրանն է զորավարժություններ իրականացրել, այնինչ այս ռեգիոնում, այս հատվածում Իրանը երբեք ակտիվ զորավարժություններ չի իրականացրել, քանի դեռ հարցը չի հասել իր անվտանգությանը:
«Ներկայումս Իրանը ունի թե ներքին, թե արտաքին խնդիրներ, որոնք փորձում է լուծել, սակայն կարմիր գծերի փոփոխությունն ամեն դեպքում անթույլատրելի է Իրանի համար: Իրանը իր դիրքորոշումը ներկայացրել է, դա արժանանում է սուր արձագանքի, քանի որ Իրանի կարծիքը չի կարող հաշվի չառնվել: Իրանը մշտապես խաղաղություն է փնտրում իր հարևանների հետ, աջակցում բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը, այս դիրքորոշումները երբեք ու որևէ պարագայում չեն փոխվում, չի պատահում երկակի մոտեցում: Իրանն այնուամենայնիվ վստահ, սակայն զգուշավոր է գործում, նպատակադրված լինելով բոլոր հարցերը լուծել քաղաքական-դիվանագիտական եղանակներով և ոչ հակառակը: Այս ֆոնին ուշադրություն կհրավիրեի այն փաստի վրա, որ օրերս ՌԴ ԱԳ նախարարը նշեց, թե տարածաշրջանային 3+3-ի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Իրանը շարունակում է շահագրգռված լինել այս պրոյեկտի հեռանկարով, որը թույլ կտա տարածաշրջանը ամրապնդել ու կայունացնել արտաքին վտանգներից, դերակատարներից: Այս ուղղությամբ կարծես ավելի ակտիվ աշխատում են ՌԴ-ն ու Իրանը»,- ասաց վերլուծաբանը:
Ռեգիոնալ վերլուծաբանների մի ստվար հատված գտնում է, որ Իրանի դեմ ադրբեջանական մանևրների ետևում կանգնած են շատ ավելի լուրջ ուժեր և գլխավորապես Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները, որոնց համար ավելի նպատակահարմար է հարձակվել Իրանի ուղղությամբ Ադրբեջանի «ձեռքով»:
Սրան զուգահեռ՝ ավելորդ չի լինի հիշեցնել, որ ադրբեջանաիրանական սրացման շրջանում ադրբեջանաիսրայելական ռազմաքաղաքական փոխայցերը, գործարքներն ակտիվանում են: