ԱԺ-ն ընդունեց մի խումբ դատավորների հավելումները նվազեցնող նախագիծը
Հայաստանում առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցողների համար սահմանված լրացուցիչ աշխատավարձերը՝ հավելումները կնվազեն: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ ստանալով 65 կողմ, 29 դեմ ձայներ:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել էին փոփոխություններ:
«Մասնավորապես ՍԴ նախագահի, դատավորի և տեղակալի հավելումների նվազեցման մասով առաջարկվել է անփոփոխ թողնել: ՍԴ դատավորների վարձատրության մեջ լրացուցիչ հավելավճարը՝ պայմանավորված ստաժով, ՍԴ-ի դեպքում սահմանափակված է 12 տարով: Եվ այլ դատական ատյանների համեմատությամբ համախառն եկամուտը կարող է ավելի նվազ լինել, քան այդ ատյանում ավելի բարձր ստաժ ունեցող դատավորների պարագայում»,-ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:
Այսպիսով առաջարկվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների 70 տոկոս նախատեսված հավելումը նվազեցնել՝ դարձնելով 60 տոկոս: Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորների և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորների հավելումները 60 տոկոսից նվազեցնել՝ դարձնելով 55 տոկոս: Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված 100 տոկոս հավելումը նվազեցնել՝ դարձնելով 92 տոկոս: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսված 100 տոկոս հավելումերը նվազեցնել՝ դարձնելով 92 տոկոս:
Այս նվազեցումները պայմանավորված են նրան, որ նվազագույն աշխատավարձը 2023 թվականից պետք է դառնա 75 հազար դրամ, ինչը հանգեցնելու է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացման: Եվ որպեսզի վարձատրության մասին օրենքի 4-րդ հոդվածով սահմանված սկզբունքները պահպանվեն, այն է՝ տարբեր ոլորտներում համանման գործառույթներ իրացնող անձանց տարբերակված վարձատրությունների հիմնավորվածությունն ու լրացուցիչ և հիմնական աշխատավարձերի հիմնավոր փոխհամամասնությունը պահպանելու նպատակով առաջարկվում են այս փոփոխությունները: