Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում դինոզավրերի ֆերմա ստեղծելու փորձով հիշեց Գարիկ Սարգսյանին
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչ են անում, որպեսզի մարզերում գյուղատնտեսությունը զարգանա, քանի որ գյուղական համայնքներ կան, որ տարբեր մասնագետների կարիք ունեն՝ գյուղատնտես, անասնաբույժ և այլն։
Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, նշեց, որ այսօր Հայաստանում կան գյուղատնտեսական բիզնեսով զբաղվող բազմաթիվ ընկերություններ, որոնք Եվրոպայից ժամը 700 եվրոյով մասնագետ են հրավիրում, որպեսզի իրենց խորհուրդ տա ծիրան, տանձ, ելակ կամ մոշ աճեցնելու։
«Մենք ունենք մրցանակաբաշխություն՝ «Մեր ժամանակների հերոսը», որտեղ մարդիկ իրենց մասնագիտություններով աշխատելով՝ իրենց բարեկեցությունն են ապահովում։ Հիշում եմ՝ նման մրցանակ մենք տվել ենք անասնաբուժությամբ զբաղվող մի քաղաքացու, ով իր ծառայությունները մատչելի մատուցում է բնակիչներին։
«Պլանի գլխում» 21-րդ դարում ունենալ ագրարային համալսարան՝ նոնսենս է, որովհետև ժամանակակից նման համալսարանները շրջապատված են ոչ թե այլ շենքերով ու սրճարաններով, այլ հարյուրավոր հեկտարներով հողատարածքներով, որտեղ կան ֆերմաներ, այգիներ։ Սա է պատճառը, որ մենք մշակում ենք իրականացնել ակադեմիական քաղաքի կամ կլաստերի գաղափարը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այն գյուղատնտեսությունը, որն այսօր կա՝ հեռանկար չունի։
«Ամեն տեղ տանենք 5 անասնաբույծ ու 6 անասնաբույժ կանգնեցնենք, գյուղատնտեսությունն այդ մեթոդաբանությամբ չունի հեռանկար։ Սա նույնն է, որ մենք նույն մեթոդաբանությամբ փորձենք, կներեք, ես մեկ-մեկ սուր բաներ եմ ասում, հետո փոթորիկներ են առաջանում, բայց ոնց որ մենք ուզենք դինոզավրերի ֆերմա ստեղծել, և այդպիսի չհաջողված փորձեր ունեցել ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և սկսեց ծիծաղել, ինչին հետևեց նաև դահլիճում գտնվողների ծիծաղը։ Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանն ակամայից հիշեցրեց Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին, որ մշտապես հայտարարում էր, թե կոկորդիլոսների բուծարան պետք է բացի Հայաստանում, ինչ այդպես էլ իրականություն չդարձավ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում