Ահազանգի հետքերով. Աբաջյանի անվան հ․147 հիմնական դպրոցում դասերը հեռավար են անցկացնում, ջեռուցում չկա
Համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե կան դպրոցներ, որոնք ջեռուցման համար գումար չունենալու պատճառով անցել են հեռակա ուսուցման։
«2 երեխաներս հաճախում են թիվ 147 դպրոց։ Գումար չունեն, որ վերանորոգեն ջեռուցման համակարգը։ Ու այն չի վնասվել երեկ կամ մեկ շաբաթ առաջ։ Էս մի 2 ամիս ա՝ գումար չկա։ Էլ դասարաններում նստել չի լինում, ստիպված հեռավարի են անցել»,- գրել է «Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ․ 147 հիմնական դպրոց»-ում սովորող աշակերտներից մեկի ծնողը:
Խնդրով պայմանավորված՝ Ռ. Աբաջյանի անվան հ․ 147 հիմնական դպրոցից 168.am-ին հայտնեցին, որ դա կապված է կաթսայատան հետ:
Հարցին, թե երբվանի՞ց են անցել հեռավարի, դպրոցից հրաժարվեցին պատասխանել՝ պատճառաբանելով, թե հեռախոսով չեն կարող ինֆորմացիա հայտնել:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվության բաժնից էլ մեզ տեղեկացրեցին, որ տեխնիկական խնդիր է՝ կապված կաթսայատան հետ, որը շուտով կլուծվի:
Նախարարությունից հայտնեցին, որ դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագծեր, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին նախագիծը:
Այսպիսով, 74,194.1 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա կհատկացվի «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին` ուսումնարանի կաթսայատան կառուցման և ջեռուցման իրականացման աշխատանքների ձեռքբերման համար, 37,798.3 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա կհատկացվի «Երևանի N 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի պարսպի կառուցման, մուտքի դռների, արտաքին կոյուղու ցանցի և ջեռուցման մասնակի աշխատանքների ձեռքբերման համար, 4,745.9 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա կհատկացվի «Գառնիի Ատոմի անվան հ․2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի կաթսայատանը նոր կաթսայի տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար: 1,840.7 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա կհատկացնեն «Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցի կաթսայատան կառուցման և ներքին ջեռուցման ցանցի իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:
«Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին ևս կաթսայատան կաթսաների փոխարինման համար կտրամադրվի 14,100.0 հազար դրամ գումար:
Երևանի քաղաքապետին էլ առաջարկվել է 15,560.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ.147 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դպրոցի կաթսայատան կաթսաների փոխարինման համար:
«Երևանի Հ. Խաչատրյանի անվան N 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 15,400.0 հազար դրամ՝ դպրոցի կաթսայատան կաթսաների փոխարինման համար: